25/07/2017 10:18
Իրանագետ. Իրանը շահագրգռված է ՀՀ-ի միջոցով կապ հաստատել ԵԱՏՄ երկրների հետ. «Առավոտ»
«Թեև ի սկզբանե մտահոգություններ կային, որ ՀՀ-ի անդամակցումը ԵԱՏՄ-ին կվնասի հայ-իրանական հարաբերություններին, բայց վերջին տարիներին պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը այլ է՝ Իրանը ողջունում է ՀՀ-ԵԱՏՄ գործակցությունը և շահագրգռված է, որ ՀՀ-ի միջոցով կապ հաստատի ԵԱՏՄ երկրների հետ», - անդրադառնալով Իրանի տարածաշրջանային տնտեսական քաղաքականությունը՝ երեկ ասել է իրանագետ Արմեն Իսրայելյանը։
Նա նկատել է, որ ՀՀ-ն իր հերթին շահագրգիռ կողմ է և Իրանին առաջարկել է համատեղ ձեռնարկություններ հիմնել, իր տարածքով բեռնափոխադրումներ իրականացնել. «Ներկայում նաև ՀՀ-ի միջոցով է Իրանը ակտիվ գործակցում ԵԱՏՄ-ի հետ։ Հիմա փորձում են համաձայնության գալ այն ապրանքատեսակների վերաբերյալ, որոնք ԵԱՏՄ-ն կտրամադրի ավելի ցածր մաքսատուրքերով»։
Փորձագետը նշել է, որ եթե նախկինում Իրան-Թուրքիա խորը տնտեսական գործակցություն կար, ապա վերջին տարիներին առևտրաշրջանառության ծավալները որոշակի խնդիրների պատճառով նվազել են։