25/07/2017 12:07
ԵԽ-ն չի կարող թույլ տալ, որ իր տարածքում մարդկանց գլուխ կտրելու դեպքեր տեղի ունենան. ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է ապրիլյան դեպքերի մասին գանգատները
Ապրիլյան պատերազմի զոհերի, վիրավորների իրավունքների պաշտպանության հետ կապված 700-ից ավելի հայց է ներկայացվել Եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի։
Այս հայցերը ՄԻԵԴ ներկայացրել է «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը, որի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը այսօր «Հոդված 3» ակումբում հայտարարեց, որ հակառակորդի կողմից թիրախավորված են եղել նախորդ տարի ապրիլի 2-ի գործողությունները Ներքին Ճարտար գյուղի դպրոցի նկատմամբ:
«Ադրբեջանցիքները գործել են պլանավորված, երկար ուսումնասիրելուց հետո, և այդ ամենը մենք ապացուցված ենք համարում: Այդ մասին ասեմ, որ ֆիլմ էլ է նկարահանվել՝ «Ապրիլյան երկրորդ օրը» անվանումով», - ասաց Ալավերդյանը:
Կազմակերպության տնօրենն ասաց, որ հայցերը ամբողջությամբ կազմվել են ու ուղարկվել ՄԻԵԴ ու սպասում են արձագանքի Եվրոպական դատարանից:
«Համոզված եմ, որ վերջին միջադեպը, երբ ադրբեջանական կողմը դարձյալ թիրախավորված գնդակոծել էր հայկական դիրքերը ու ստացել երկու զոհ՝ երեխա և տատիկ, ուղղակի արվում է պարիտետային վիճակ ստեղծելու համար: Այս հարցում ես չունեմ կասկած՝ իմանալով Ադրբեջանի այսօրվա ղեկավարության բարբարոսական մտածելակերպը», - նշեց Ալավերդյանը:
Նրա խոսքով` պատերազմը չի խնայում, չի ճանաչում ազգություն, բայց ոչ պատերազմական իրավիճակում խաղաղ բնակչության դեմ կազմակերպված այս արարքը հանցագործություն է:
Ապրիլյան պատերազմի օրերին հենց շփման գծում, այնուհետև՝ Մարտակերտում, Թալիշում փաստահավաք առաքելություն իրականացրած իրավաբան Արա Ղազարյանը շատ մասնագետների հետ կատարվածի վերաբերյալ հայցերն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Այսօրվա հանդիպմանը նա մանրամասնեց, որ սկզբում ՄԻԵԴ ներկայացրել են ապրիլին զինված բախման զոհերի վերաբերյալ ընդհանուր առմամբ 21 հայց, այնուհետև Խալափյանների ընտանիքի վերաբերյալ 3 գանգատ ու դրանից հետո միայն ներկայացրել են 359 գանգատ տեղահանված բնակիչների կողմից: Հունիսի վերջին ՄԻԵԴ ուղարկվել է դեկտեմբերին Չինարիում տեղի ունեցած դիվերսիոն գործողության դեպքի մասին գանգատը:
Հիշեցնենք՝ զինված բախման բացակայության պայմաններում հակառակորդը ներխուժել էր հայկական դիրքեր, ինչի հետևանքով հայկական կողմը տվել էր 3 զոհ:
Եվրոպական դատարանը արդեն կոմունիկացրել է մոտ 2 տասնյակ գործ, ինչը, Արա Ղազարյանի խոսքով, անսպասելի է եղել իրենց համար:
«Եվրոպական դատարանը հասկանում է, որ Եվրոպայի խորհրդի տարածքում, նույնիսկ եթե զինված բախում է, բայց գլուխ կտրելը արտառոց երևույթ է: Եվրոպայի խորհուրդը չի կարող թույլ տալ, որ իր տարածքում նման դեպքեր տեղի ունենան», - ասաց Ղազարյանը:
Իրավաբանի խոսքով՝ միջազգային կառույցները ղարաբաղյան հակամարտության հարցում միշտ փորձում են որոշակի հավասարություն դնել կողմերի միջև: «Բայց եթե նրանք փորձեն այս կոնֆլիկտը ընկալել այլ կերպ, որ սա կոնֆլիկտ է հանուն փրկության և ոչ թե տարածքներ գրավելու, ապա այդ դեպքում կհասկանան, որ սա արդարացի պայքար է», - հավելեց Ղազարյանը: