25/07/2017 11:26
Արդեն մտահոգիչ է, որ հակառակորդի կողմից հրադադարի խախտման վերաբերյալ չկան հասցեական գնահատականներ. Թաթոյան
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կարծիքով՝ մտահոգիչ է, որ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ միջազգային կազմակերպությունները չեն արձագանքում:
«Այս հարցն արդեն ինձ մտահոգում է», - այսօր «Հոդված 3» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Թաթոյանը՝ տեղեկացնելով, որ օրերս Տավուշի մարզի Բարեկամավան ու Չինարի գյուղերի վրա հակառակորդի կողմից գնդակոծությունների հարցով խոսել է ԵԽ հանձնակատարի գրասենյակի հետ:
«Հրապարակային գնահատականներում բացակայում են հստակ, հասցեական գնահատականները: Խոսքս վերաբերում է մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցներին», - հայտարարեց Թաթոյանը՝ ընդգծելով, որ մարդու իրավունքների պաշտպանների աշխատանքը քաղաքականության հետ կապ չունի:
Թաթոյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը զգալի միջոցներ է ներդնում լոբբիստական աշխատանքներ իրականացնելու համար, և միջազգային հանրությանը փորձում է ցույց տալ, որ ատելությունը հայկական կողմից է:
«Պետք է մաքսիմալիստ լինենք այս հարցում և չսահմանափակվենք ձեռք բերածով ու ակտիվ աշխատենք», - նշեց Պաշտպանը: