25/07/2017 11:34
Ներդրումների և առևտրի հարցերով հայ-իրանական օպերատիվ խմբի հանդիպման ընթացքում հստակեցվել է աշխատանքների ձևաչափը
Տեղի է ունեցել ներդրումների և առևտրի հարցերով հայ-իրանական օպերատիվ խմբի հերթական հանդիպումը:
Հանդիպումն անցկացրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:
Հանդիպման օրակարգում են եղել օպերատիվ խմբի աշխատակարգի, առաջիկայում կատարվելիք աշխատանքների, ինչպես նաև խմբի գործունեության լուսաբանման և հանրային իրազեկման կազմակերպման հետ կապված հարցերը:
Հովհաննես Ազիզյանը նշել է, որ օպերատիվ խմբի խնդիրներից մեկը պետք է լինի իրանական կողմի գործարարների ներգրավումը Հայաստան և տեղեկացրել է, որ արդեն իսկ պատրաստվում են տեղեկատվական ամփոփ փաթեթներ` Հայաստանում ներդրումային հնարավորությունների, առկա արտոնությունների, ինչպես նաև իրականացվող պետական ծրագրերի մասին` իրանական կողմին փոխանցելու համար:
«Շատ կարևոր է, որ այս օպերատիվ խմբի գոյության մասին տեղեկատվությունը լայնորեն տարածվի, որպեսզի և Հայաստանի և Իրանի գործարարները հստակ իմանան, որ գոյություն ունի այսպիսի խումբ, որը պետք է աշխատանքներ իրականացնի, իրանական կողմի գործարարներին և նաև ներդրողներին տեղեկատվություն փոխանցի Հայաստանի գործարար միջավայրի և հայկական կողմից իրականացվող ծրագրերի մասին։ Խումբը նաև պետք է բացահայտի խնդիրները, որոնց հանդիպում են իրանցի գործարարները Հայաստանում, օպերատիվ կերպով արձագանքի ցանկացած հարցի և գտնի դրանց լուծման ուղիները», - ավելացրել է նա:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սեպտեմբերի 15-ին Հայաստան Իրան-ԵՄ ներդրումային համաժողովի, ինչպես նաև սեպտեմբերի 22-25-ին Հայաստանում իրանական ապրանքների ցուցահանդեսի կազմակերպչական հարցերը:
Հանդիպման ընթացքում հաստատվել է հետագա համագործակցության աշխատակարգը, պայմանավորվածություն է ձեռք բերվել օպերատիվ խմբի գործունեության մասին հայտարարություն պատրաստել և տարածել այն թե Հայաստանում և թե Իրանում: