25/07/2017 18:17
Հիմա սելֆի անել շատերս ենք սիրում, բայց հուսով եմ՝ այդքան գլամուր չեմ. Աշոտ Ղազարյանի թոռնուհին՝ ֆիլմում իր առաջին դերի մասին
Յուքոմ ցանցում գործող Արմենիա Պրեմիում հեռուստաալիքը աշնանային եթերաշրջանում պատանի հեռուստադիտողին կներկայանա «Նվագախմբի երեխաները» բազմասերիանոց մանկապատանեկան երաժշտական ֆիլմով: Մյուզիքլում ծավալվող գործողությունները զարգացում են երաժշտական դպրոցում, ու քանի որ երաժշտությունն այս ֆիլմի հիմնական բաղադրիչներից է, բնական է, որ դերասանական կազմում ներգրավվել են նաև փոքրիկ տաղանդավոր երգչուհիներ, ովքեր օժտված են նաև դերասանական շնորհով:
Ղրիմում կայացած «Մանկական Նոր ալիք-2017» միջազգային մրցույթում գլխավոր մրցանակը Ռուսաստանի ներկայացուցչի հետ կիսած 13-ամյա Անահիտ Ադամյանի մարմնավորած հերոսուհին նրան այնքան էլ նման չէ, սակայն մերօրյա սերնդին բնորոշ որոշ հատկանիշներ ունի:
«Կերպարս գլամուր աղջիկ է, ով իր ողջ ժամանակն անցկացնում է սոցիալական ցանցերում, կյանքն առանց դրանց չի պատկերացնում: Առօրյա խոսքում էլ ցիտում է համացանցային աֆորիզմներ, մշտապես ուղիղ եթերում է… Այնքանով ենք նման, որ հիմա սելֆի անել շատերս ենք սիրում, բայց հուսով եմ, որ ես այդքան գլամուր չեմ ու ավելի կարևոր հետաքրքրություններ ունեմ կյանքում, քան՝ հերոսուհիս», - Aysor.am-ի հետ զրույցում նկատեց փոքրիկ դերասանուհին:
Անահիտն օրվա մեջ 9-ից 12 ժամ անցկացնում է նկարահանման հրապարակում: Խոստովանում է՝ երբեմն դժվար է, բայց մթնոլորտը ստիպում է մոռանալ այդ դժվարությունների մասին: Հատկապես, որ հասցրել է ընկերանալ բոլոր խաղընկերների հետ:
«Օրս սկսում ու գրեթե վերջանում է «Արմենիա» հեռուստաընկերությունում: Շոգ է հիմա ու երբեմն էլ դժվար է լինում, բայց այնքան մեծ սիրով եմ գալիս նկարահանման, որ այդ դժվարությունները չեմ զգում: Բոլորս գրեթե միշտ նկարահանման հրապարակում ենք: Ֆիլմում հիմնականում մասսայական տեսարաններ են: Ստացվել է այնպես, որ ընկերացել եմ բոլորի հետ ու բոլորին էլ համարում եմ իմ հիմնական խաղընկերները: Շատ ուրախ ու թեթև են անցնում օրերը ու չեմ հասկանում դեռ, թե որն է դժվարությունը», - ընդգծեց նա:
«Նվագախմբի երեխաները» Անահիտ Ադամյանի առաջին ֆիլմն է: Չի թաքցնում՝ այնքան էլ հեշտ չէ տեքստերը սովորելը: Ի դեպ, հանուն դերասանական անդրանիկ աշխատանքի Սոչիում բնակվող Անահիտը հրաժարվել է ծնողների հետ հանգիստն անցկացնել ԱՄՆ-ում:
«Երևի թե ամենամեծ դժվարությունս այն էր, որ պետք է ծնողներիս հետ ԱՄՆ մեկնեի, սակայն ֆիլմում նկարահանվելու համար չգնացի: Բայց չեմ գնացել իմ կամքով ու դրա համար բացարձակ չեմ փոշմանել», - նշեց Անահիտը:
Հարցին՝ ո՞րն է հետագայում լինելու իր հիմնական ընտրությունը, որպես երգչուհի՞, թե՞ դերասանուհի է պատրաստվում շարունակել ճանապարհը, պատասխանեց.
«Որքան էլ հաճելի է դերասանուհի լինելը, բայց, հավանաբար, երգչուհու ճանապարհը կընտրեմ: Ես ինձ ապագայում որպես երգչուհի եմ պատկերացնում»:
Ի դեպ, Անահիտ Ադամյանը ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանի թոռնուհին է: Սիրված դերասանի խորհուրդներից օգտվում է, հատկապես, որ պապիկն իր համար անթերի է և՛ կյանքում, և՛ բեմում:
«Եթե ասեմ, որ ամբողջ օրը նստում ենք ու քննարկում, հաստատ կստեմ, բայց երբեմն տալիս է խորհուրդներ: Ասում է, որ պետք է հավատամ այն կերպարին, որը մարմնավորում եմ, որ տեքստս լավ պետք է սովորեմ ու նկարահանման հրապարակում չկաշկանդվեմ: Ես միշտ իրեն լսում եմ, չէ՞ որ նա ինձ համար բացարձակ և անթերի պապիկ է ու դերասան», - ասաց մեր զրուցակիցը:
Ֆիլմի նկարահանումների ավարտին քիչ ժամանակ է մնացել, որից անմիջապես հետո երգչուհի-դերասանուհին կմեկնի Սոչի:
«Շուտով նկարահանումներն ավարտվելու են, ու ես վստահ եմ, որ կարոտելու եմ այս գերզբաղվածությունը: Օգոստոս ամսվա վերջին կրկին կվերադառնամ Սոչի, քանի որ ավարտվում են արձակուրդներս, իսկ ինձ այնտեղ սպասում է իմ դպրոցը», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Անահիտ Ադամյանը: