26/07/2017 16:11
«Բավարարվա՞ծ եք». «Սասնա ծռերի» գործով դատավորի համար այսօր սանկցիաների օր էր
Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» 14 անդամների գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանը նախ մի քանի անգամ ընդմիջեց նիստը, այնուհետև վերադառնալիս հայտարարեց մի խումբ փաստաբանների նկատմամբ դատական սանկցիաներ կիրառելու մասին:
Թիրախում առաջինը Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի և Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանն էր, որի նկատմամբ դատավորը որոշեց կիրառել սանկցիա և պատասխանատվության ենթարկելու համար դիմել Փաստաբանների պալատ:
Դատական նիստերի դահլիճում գտնվող Արայիկ Պապիկյանը փորձեց դատավորից հետաքրքրվել, թե ինչու՞ է որոշվել իր նկատմամբ սանկցիա կիրառել, սակայն դատավորը շտապում էր ներկայացնել մյուս սանկցիաների մասին իր որոշումները.
«Մի րոպե ավարտեմ, հետո ձեզ ձայն կտամ»,- ասաց նա:
Սակայն երբ փաստաբանը պնդեց՝ փորձելով պարզել, թե ո՞րն է պատճառը, որ իր նկատմամբ սանկցիա է կիրառվել, դատավորը պատասխանեց.
«Պատճառն այն է, որ Դուք անհարգալից վերաբերմունք եք դրսևորել դատարանի նկատմամբ և չեք մտել նիստերի դահլիճ: Կարգադիրչները համապատասխան արձանագրություն են ներկայացրել»:
Սակայն, նկատենք, որ մինչ դահլիճ մտնելը Պապիկյանին դատական կարգադրիչները փորձել էին խուզարկել, ինչն էլ խոչընդոտել էր փաստաբանի մուտքը նիստերի դահլիճ:
Այնուհետև դատավորի որոշմամբ, սանկցիաներ կիրառվեցին նաև Վարուժան Ավետսիյանի և Արեգ Կյուրեղյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանի, ինչպես նաև փաստաբան Արա Զաքարյանի ու Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի նկատմամբ. նրանց պատասխանատվության ենթարկելու համար դատարանը կդիմի Փաստաբանների պալատ:
Արա Զաքարյանը ձայն խնդրեց և հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է դատարանը որոշել սանկցիա կիրառել իր նկատմամբ: Ի պատասխան դատավորն ասաց, որ դատական կարգադրիչները դատարանին ներկայացրել են արձանագրություն այն մասին, որ Զաքարյանը հրաժարվում է ներկայանալ դատական նիստին:
«Այդ իսկ պատճառով դատարանը խորհրդակցական սենյակում որոշեց Ձեր նկատմամբ կիրառել դատական սանկցիա: Բավարարվա՞ծ եք», - դիմելով փաստաբանին` հայտարարեց դատավոր Գաբրիելյանը:
Փաստաբանն արձագանքեց ու ասաց, որ ինքը բավարարված չէ և հայտարարեց, որ դատական կարգադրիչները ապատեղեկացրել են դատարանին: Սակայն դատավորը նկատեց, որ փաստաբանը արձանագրության հետ միասին տվել է բացատրություն և շարունակեց նիստը` թույլ չտալով, որ Զաքարյանը շարունակի ներկայացնել իր դիրքորոշումը սանկցիայի վերաբեյալ.
«Խնդրում եմ չշարունակել: Նստեք, և ես ձեզ հնարավորություն կտամ հայտարարություն անել ու այժմ խնդրում եմ ենթարկվել դատավորի կարգադրություններին: Այս պահին թույլ չեմ տալիս խոսել»:
Գաբրիելյանը նույնիսկ սպառնաց.
«Եթե դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերեցիք, եթե դատավորի օրինական պահանջներին չենթարկվեք ու շարունակեք խոսել, կկիրառվեն նաև այլ խափանման միջոցներ»:
Գաբրիելյանի այս հայտարարությունը դատարանի դահլիճում ներկաների ծիծաղն առաջացրեց, ինչին ևս դատավորն արձագանքեց.
«Այստեղ ծիծաղելու բան չկա: Մյուս անգամ դուք էլ նման վարքագիծ կդրսևորեք, դատարանը ձեր նկատմամբ էլ սանկցիա կկիրառի»:
Փաստաբան Հրանտ Գևորգյանը ուղղեց դատավորին՝ ասելով. «Ինչ ուզում եք արեք, բայց բառերը ճիշտ օգտագործեք. Խափանման միջոցը ո՞րն է»:
«Կիրառել դատական սանկցիա», - ինքն իրեն ուղղեց դատավորը:
Այդուհանդերձ, փաստաբան Արա Զաքարյանը փորձում էր իր նկատմամբ կիրառված սանկցիայի վերաբերյալ դիրքորոշում հայտնել, սակայն դատավորը այս անգամ էլ ընդհատեց նրան.
«Արդեն 6-րդ դատական նիստն է, ու մենք ոչ մի գործողություն չենք կարողանում անել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դուք նորից շարունակում եք անհարգալից վերաբերմունք դրսևորել, դատարանը հեռանում է՝ Ձեր նկատմամբ նորից դատական սանկցիա կիրառելու մասին որոշում կայացնելու»:
Այս հայտարարությունից հետո դատավորը, առանց վերադառնալու մասին ժամկետ մատնանշելու, անցավ խորհրդակցական սենյակ, ինչն առաջացրեց ներկաների դժգոհությունը:
Նկատենք, որ «Սասնա ծռերի» գործով դատավարությունը դահլիճի մեծ լինելու պատճառով արտագնա անցկացվում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն գործը Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում է: