26/07/2017 13:46
Հայաստանից 26 հազար տոննա միայն ծիրան է արտահանվել. Վերջին 7 տարվա ընթացքում նման ցուցանիշ չի եղել
Հուլիսի 26-ի դրությամբ` Հայաստանից արտահանվել է 65 հազար տոննա պտուղ-բանջարեղեն, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
«Այս տարի, արդեն, 26 հազար տոննա միայն ծիրան է արտահանվել, նախորդ տարի այն կազմել է 19 հազար 900 տոննա», - ասաց նա՝ ընդգծելով, որ վերջին 7 տարվա ընթացքում նման ցուցանիշ չի արձանագրվել:
Ռոբերտ Մակարյանի խոսքով՝ ծիրանի արտահանումը շարունակվում է, քանի որ սառնարաններում դեռևս մնացել է պահեստավորված ծիրան:
«Ելակի արտահանումը կազմել է 2500 տոննա, որը երկու անգամ գերազանցել է նախորդ տարվա ծավալը: Հանրապետությունից արտահանվել է 5400 տոննա կարտոֆիլ, նախորդ տարվա համեմատ դա երեք անգամ ավելի է», - նշեց փոխնախարարը։
Նա նշեց, որ արտահանման հիմնական երկրներն են` Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, ԱՄԷ, Բելառուս և Ուկրաինա։
«Հանրապետությունում վերամշակող ընկերությունների կողմից, հուլիսի 26-ի դրությամբ, մթերվել է 10 հազար 500 տոննա պտուղ-բանջարեղեն, որից 1330 տոննան՝ բանջարաղեն, 9170 տոննան՝ պտուղ», - հավելեց Ռ. Մակարյանը։