26/07/2017 19:00
Մեր աղջկան խոստացել էինք, որ մեզ հետ ծով կմեկնի. Լուսին Վարդանյանն ու Վահագն Խաչատրյանը պատրաստվում են հանգստի
Ամառային հանգստյան շրջանն արդեն վաղուց մեկնարկած է: Հատկապես ծովային հանգիստ նախընտրողների համար օգոստոսը լավագույն ամիսն է. բնությունը հենց այդ ամսին է արևի սիրահարների համար առավել շռայլ գտնվում:
Դերասան ամուսիններ Լուսին Վարդանյանն ու Վահագն Խաչատրյանն արդեն ճամպրուկներն են հավաքում. օրեր անց ժամանակավոր հրաժեշտ կտան աշխատանքին ու՝ բարև արձակուրդ:
«Թատերաշրջանն ավարտվում է հուլիսի վերջին, օգոստոս ամիսը մեզ համար լիարժեք արձակուրդային շրջան է: Ամռան վերջին ամսվա առաջին օրերին էլ կմեկնենք Բաթում՝ Սև ծովում լիցքաթափվելու համար: Մեր ընտանիքով ենք մեկնելու՝ ես, Վահագնը և մեր աղջիկը: Եթե մեզ միանան նաև մեր ընկերները, ապա շատ ավելի լավ»,- Aysor.am-ի հետ զրույցում նշեց դերասանուհին:
Հարցին՝ որքա՞ն գումար է պահանջվում անմոռանալի արձակուրդն իսկապես հանգիստ վայելելու համար, նկատեց՝ ամեն ինչ կախված է նրանից, թե որտեղ ես հանգիստդ անցկացնում՝ երկրո՞ւմ, թե՞ երկրից դուրս:
Խոստովանում է՝ շատ են սիրում Հայաստանը, բայց եթե արձակուրդը վայելելու ժամանակահատվածը փոքր-ինչ երկարատև է լինում, նախընտրում են ծովային երկրները:
«Եթե մեկ-երկու շաբաթ պետք է հանգստանանք, նախընտրում ենք ծով գնալ: Բայց եթե խոսքը 4-5 օրվան է վերաբերում, նախապատվությունը տալիս ենք Սևանին, Ծաղկաձորին, Աղվերանին ու մյուս հանգստյան գոտիներին»:
Դերասան ամուսինների հանգստավայրի ընտրության այս տարվա նախապատվությունը կապված է խոստման հետ. երիտասարդ ընտանիքն առաջին անգամ է դստրիկի հետ ծով գնալու:
«Նախորդ անգամները մեր աղջկան մեզ հետ չենք տարել ծով, ու իրեն խոստացել էինք, որ այս անգամ անպայման կընկերակցի մեզ: Եթե չարգելեմ, ապա նա կարող է ժամերով ջրից դուրս չգալ: Ռուզիկս սրտատրոփ սպասում է, որ պետք է ծովում լողա և դելֆինարիումում կենդանի դելֆիններ տեսնի… Գիտե՞ք, ես և Վահագնը ակտիվ հանգստի սիրահարներ ենք, հաստատ չենք կարող հանգստանալ առողջարանում: Երբ նրան ասում եմ՝ «արդեն հանգստի, ծովի կարիք ունեմ», պատասխանում է՝ «դու ասա արևի, և ոչ թե ջրի կարիք ունեմ»: Իսկապես, շատ եմ սիրում արևայրուք, կարող եմ ժամերով պառկել արևի տակ»,- ժպիտով պատմեց նա:
Ծովափ մեկնելիս Լուսինն իր հետ պարտադիր մի քանի պարագաներ է վերցնում, այն էլ յուրաքանչյուրից մի քանիսը. արևայրուքի քսուկներ, ակնոց, գլխարկներ, գեղեցիկ պահերը հավերժացնելու համար՝ ֆոտոապարատ կամ լավ նկարող հեռախոս, և որ ամենակարևորն է՝ լողազգեստներ:
Ասում են՝ հանգիստը երբեք միանման չի լինում, նույնիսկ, եթե նույն վայրում ու նույն ժամանակահատվածում ես անցկացնում: Չէ՞ որ ամբողջ տարվա ծանրաբեռնվածությունից կարողանում ես թոթափվել հաշված օրերի ընթացքում:
«Ամեն հանգիստ իր յուրահատկությունն ունի: Բայց, կարծում եմ, այս տարվանն ամենալավն է լինելու, քանի որ մեր աղջիկը մեզ հետ է գալու: Բոլորին մաղթում եմ անհոգ ու ուրախ հանգիստ, որպեսզի աշխատանքի վերադառնան նոր եռանդով ու ոգևորությամբ»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Լուսին Վարդանյանը: