27/07/2017 15:39
Չեմ կարծում, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները բումերանգի էֆեկտով կանդրադառնան Հայաստանի վրա. Վարդան Արամյան
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը չի կարծում, թե նոր պատժամիջոցները էական ցնցումներ կառաջացնեն Ռուսաստանի տնտեսության մեջ:
«Ես չեմ կարծում, որ նոր պատժամիջոցները էական ցնցումներ կառաջացնեն Ռուսաստանի տնտեսության համար և այնտեղից էլ բումերանգի էֆեկտով կանդրադառնան Հայաստանի վրա», - կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արամյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչպես կանդրադառնա Հայաստանի վրա ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ:
«Ռուսաստանի տնտեսությունն արդեն սովորել է ապրել պատժամիջոցներով և լրացուցիչ խորացումը, չեմ կարծում, որ էական ցնցումների կբերի, բացասական ազդեցություններ, հնարավոր է, բերի», - ասաց նախարարը։
Արամյանի խոսքով՝ պատժամիջոցներից հետո ռուսական ռուբլին սկսեց արժեզրկվել ԱՄՆ դոլարի նկատմամբ։
«Բայց պետք է փաստել, որ արժեզրկումը շատ մեծ չէր: Այսինքն՝ շուկաները և տնտեսվարողները արձագանքեցին նոր պատժամիջոցներին ոչ այդքան ագրեսիվ և կտրուկ», - ասաց նա։
Ֆինանսների նախարարն ընդգծեց, որ այս անգամ էական տատանումներ ռուբլու փոխարժեքում չի նկատվի:
«Ամեն դեպքում, մենք շարժվում ենք այն սցենարով, որը նախանշված է միջնաժամկետ ծրագրով և բյուջեով», - հավելեց Վ. Արամյանը։