27/07/2017 18:16
Միշտ մեծ ցանկություն եմ ունեցել ներխուժելու կինեմատոգրաֆիայի լայն աշխարհ. Մարինե Գյուլումյանը կստեղծագործի ֆրանսիական հեղինակավոր կինոփառատոնի համար
Վերջին տարիներին Ֆրանսիայում ապրող ու ստեղծագործող երգահան Մարինե Գյուլումյանն օրերս ֆրանսիական կինեմատոգրաֆիայի աշխարհ մուտք գործելու այցեքարտ ստացավ. նա բազմաթիվ մասնակիցներից ընտրվեց այն 10 կոմպոզիտորների կազմում, որոնց բախտ կվիճակվի իրենց ստեղծագործություններով մրցակցել նոյեմբերի 19-ին կայանալիք ֆրանսիական կինոփառատոնի շրջանակներում:
Aysor.am-ը երգահանի հետ զրուցել է հաղթական տրամադրվածության, Ջիվան Գասպարյանի հետ առաջին ելույթի, նոր համագործակցությունների, նաև ընտանիքի մասին:
- Մարինե, մրցույթի արդյունքում ընդգրկվել եք այն 10 կոմպոզիտորների շարքում, ովքեր ստեղծագործելու են ֆրանսիական կինոփառատոնի համար: Ո՞ր փառատոնի մասին է խոսքը, ինչպես սկսվեց համագործակցությունը:
- Մրցույթ-փառատոնը կոչվում է «Musiques en courts», որը ամբողջ Ֆրանսիայի մասշտաբով է արվում։ Բազմաթիվ մասնակիցներից ընտրվել ենք միայն տասս, ում հնարավորություն է ընձեռվում գրելու երաժշտություն՝ մեզ տրամադրված կարճամետրաժ 3 ֆիլմերից որևէ մեկի համար՝ ըստ մեր ընտրության։
- Ծանո՞թ եք ֆիլմերին, ի՞նչ ֆիլմեր են:
- Այո, օրերս ծանոթացել եմ այդ ֆիլմերին, որոնցից առաջինը չապլինյան ոճով է նկարված, երկրորդը՝ աբստրակտ, իսկ երրորդը՝ շատ թեմատիկ և համահունչ զարգացող կուլմինացիայով։ Դեռևս ընտրություն չեմ կայացրել, քանի որ երեքն էլ իմն են։
- Դուք միա՞կ հայ մասնակիցն եք, ովքե՞ր են մյուս 9 կոմպոզիտորները:
- Գիտեք, այս ամենը շատ փակ է արվել, հետևաբար՝ մեկս մյուսին ծանոթ չենք: Եթե հայ մասնակից լինի, միայն ուրախ կլինեմ (ժպտում է՝ հեղ.): Միմյանց ստեղծագործություններին կծանոթանանք նոյեմբերի 19-ին, երբ հետևելով էկրաններին՝ կհնչեցնենք մեր իսկ ստեղծագործությունները։
- Դժվար չէ՞ նման պատասխանատու մրցակցության մեջ մտնելը:
- Չեմ կարող ասել՝ դժվա՞ր է, թե՞ հեշտ։ Այս մրցույթն իմ մասնակցած կամ հաղթանակած մրցույթներից տարբերվելու է իր մասշտաբով և ժանրով: Միշտ մեծ ցանկություն եմ ունեցել ներխուժելու կինոմատոգրաֆիայի լայն աշխարհ, բայց սա առաջինն է իմ կյանքում, որպես այդպիսին։
- Կցանկանայի անդրադառնալ նաև մարտ ամսին Ֆրանսիայի սրտում տեղի ունեցած առաջին Հայ-եվրոպական երաժշտական մրցանակաբաշխությանը, որտեղ, որպես հիմն, հնչեց Ձեր՝ «Ես քո զավակն եմ, Հայաստան» երգը: Արդյոք այն մշտապես կլինի այս մրցանակաբաշխության հիմնը:
- Չնայած այն համգամանքին, որ այս տարի համերգի ընթացքը մեկ այլ զարգացում ստացավ, և համերգի վերջում որոշ երգեր չհնչեցին, այդ թվում՝ նաև իմը, սակայն ուրախ եմ, որ «Ես քո զավակն եմ, Հայաստան» երգը մշտապես կլինի այս մրցանակաբաշխության հիմնը՝ ամեն տարի մի փոքր փոփոխելով և համապատասխանեցնելով այդ իսկ տարվա մասնակիցներին։ Այս տարվա մրցանակաբաշխության համար նախատեսված տարբերակը կցուցադրվի հեռուստատեսությամբ՝ գեղեցիկ տեսանյութի տեսքով։
- Դուք ճանաչվեցիք լավագույն հայ-ֆրանսիական կոմպոզիտոր: Ինչպիսի՞ն են զգացողությունները, ի՞նչ է տալիս դա կայացած երգահանին:
- Արվեստագետը միշտ պետք է ստեղծագործի՝ անկախ մրցանակներից… Ես այն երջանիկներից եմ, ում երգերը տարիների ընթացքում հասցրել են սիրվել ու ճանաչվել։ Եթե որպես ստեղծագործող երջանիկ ես, ապա մրցանակ ստանալու դեպքում կրկնակի երջանիկ ու բավարարված ես քեզ զգում։ Ինչ խոսք, գնահատված լինելը շատ հաճելի զգացում է։ Առիթից օգտվելով՝ կրկին շնորահակալություն եմ հայտնում մրցանակաբաշխության կազմակերպիչներին՝ մեզ՝ արվեստագետներիս, քաջալերելու համար։
- Ի դեպ, այդ երեկոյի ընթացքում ելույթ ունեցաք Ջիվան Գասպարյանի հետ: Սա Ձեր առաջի՞ն միասնական ելույթն էր, հնարավո՞ր է, որ նոր համագործակցություն ծնվի:
- Այո, առաջինն էր։ Ջիվան Գասպարյանին նվագակցելը, կարելի է ասել, հանպատրաստից ստացվեց։ Համերգից մեկ օր առաջ մեր տանն ինձ ցույց տվեց երգը, իսկ համերգի օրը ընդհանրապես փորձ չհասցրեցինք անել: Պատկերացրեք, մրցանակաբաշխությունից միայն հինգ րոպե առաջ վարպետը որոշեց, որ ուզում է անակնկալ անել և երգել, հասցրեցինք միայն տոնայնությունը որոշել, իսկ մնացածը համերգի ժամանակ, տեղում համադրեցինք։ Շատ հաճելի էր, որ հանդիսատեսը անչափ ջերմ ընդունեց վարպետի կողմից արված անակնկալը (ժպտում է՝ հեղ.)։
- Ոմանք դժգոհություն հայտնեցին միջոցառման կազմակերպվածությունից: Դուք էլ, թեև որոշակի խնդիրների մասին Ձեր խոսքում նշեցիք, բայց ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում առաջին հայ-ֆրանսիական մրցանակաբաշխությունը:
- Բնականաբար, որոշ վրիպակներ պետք է լինեին, քանի որ այն առաջինն էր իր ձևաչափի և մասշտաբի մեջ։ Ես միայն քաջալերում եմ այս հսկայական մշակույթային նախագիծը, իսկ թերությունների վրա չպետք է սևեռվել։ Իրոք, ահռելի գործ էր արված՝ ի շնորհիվ երեք խենթ երիտասարդների՝ Աննա Կարոլինայի, Հայկո Շահբազյանի և Արմեն Ադրիանի։ Վստահ եմ՝ հաջորդ անգամ էլ ավելի կազմակերպված ու ըստ պատշաճի է այն իրականանալու։
- Արդեն մի քանի տարի է՝ Ֆրանսիայում եք բնակվում: Մեծամասամբ, ի՞նչ գործունեությամբ եք զբաղվում, ո՞ւմ հետ եք աշխատում:
- Այստեղ կրկին իմ մասնագիտական ոլորտում եմ։ Դասավանդում եմ կոնսերվատորիայում, ունեմ 30-ից ավել ուսանողներ։ Ուրախ եմ նաև, որ իմ դասական ստեղծագործությունները, մտնելով Ֆրանսիայի կոնսերվատորիայի համերգային ռեպերտուար, շատ հաճախ հնչում են սաների կողմից։ Շատ դեպքերում հենց ինքս էլ ընկերակցում եմ նրանց բեմում՝ դաշնամուրի շուրջ… Իսկ երգարվեստում կրկին համագործակցում եմ տարբեր արտիստների հետ. այս պահին աշխատում եմ մի հրաշալի երգչուհու՝ Անգինեի հետ։ Այս շաբաթ նա Վալանս քաղաքից ժամանելու է Փարիզ, որպիսի աշխատենք «Երկնային պարգև» երգի վրա, որը հատուկ իր համար եմ գրել։ Առաջին անգամ նրան բացահայտեցի բոլորովին վերջերս, երբ նա մասնակցեց «Հայ-եվրոպական մրցանակաբաշխության» համար իմ՝ «Ես քո զավակն եմ, Հայաստան» երգի ձայնագրություններին՝ կատարելով փոքրիկ մի հատված։ Հավատացած եմ, որ շուտով կլսեք նրա անունը։
- Իսկ հայաստանյան շոու-բիզնեսին շարունակո՞ւմ եք հետևել: Փոփոխություն նկատո՞ւմ եք:
- Այո, հետևում եմ։ Հայաստանը տաղանդների խնդիր երբևէ չի ունեցել։ Այստեղ կա ճաշակի խնդիր։ Երբ երգի կամ կատարման մեջ էսթետիկան բացակայում է, այն շատ վտանգավոր հետևանք կարող է ունենալ սերունդների ճաշակի զարգացման հարցում։ Ես, ամեն դեպքում, լավատես եմ և մեծ հույս եմ կապում մեր նորընտիր մշակույթի նախարարի հետ, ով, համոզված եմ, մաքրելու է մեր հեռուստատեսությունն ու ռադիոն վատորակ երաժշտությունից։
- Մեր շոու-բիզնեսում բավական նոր անուններ են հայտնվել: Նրանց հետ համագործակցություն կա՞:
- Արդեն երբեմն զարմանում եմ, որ այս համատարած վատ ճաշակի մեջ հայտնվում են եզակի երիտասարդներ, ովքեր ճիշտ ուղու վրա են կանգնած։ Նրանցից շատերին փորձում եմ քաջալերել ու օգտակար լինել։ Վերջերս բացահայտեցի շատ տաղանդավոր մի արտիստի՝ Հրաչյա Սաֆարյան անունով, ով շուտով հանդես կգա իմ նոր հեղինակային՝ «Խաղաղության զինվոր» երգով։
- Հայաստանում կամ, գուցե, աշխարհում, կա՞ որևէ կատարող, ում հետ աշխատելը Ձեր երազանքն է:
- Ինձ համար երազանքը ոչ թե աշխարհի որևէ ճանաչված կատարողի հետ աշխատելու մեջ է, այլ՝ աշխարհի բոլոր լեզուներով հայ երգը երգեցնելու ու մշակույթը տարածելու մեջ։
- Ե՞րբ եք վերջին անգամ Հայաստանում եղել:
- Մոտ մեկ տարի է, ինչ Հայաստանում չեմ եղել։ Հավանաբար, այդտեղ կլինեմ հոկտեմբեր ամսին՝ համերգային, գործնական այցով։
- Մարինե, Ձեր երկու դստրիկները ծնվել են Ֆրանսիայում: Քանի՞ տարեկան են, գնո՞ւմ են արդեն դպրոց:
- Փոքր աղջիկս՝ Բելլա Նազենին, երեք տարեկան է, հաճախում է մանկապարտեզ, իսկ մեծս՝ Մադլենը, ութ տարեկան է, ով բացի դպրոցից, շարունակում է սիրով հաճախել դասական պարի ու ֆլեյտայի։
- Նրանք կիսով չափ՝ հայրական կողմով, ֆրանսիացի են, ապրում են Ֆրանսիայում: Հայերենին տիրապետո՞ւմ են:
- Իհարկե, երկուսն էլ խոսում են հայերեն։ Ես նրանց հետ ծնված օրվանից խոսում եմ միայն հայերենով, քանի որ, մասնավորապես օտար երկրում, շատ հեշտությամբ հնարավոր է մոռանաս քո մայրենի լեզուն, հետևաբար՝ կկորցնես նաև ինքնությունդ։