28/07/2017 09:52
Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության մեջ կասկածվում են ընտանիքի անդամները. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Մենք 2 օր առաջ գրել էինք, որ Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանն անհետացել է, ոստիկանությունում անհետացման փաստի առիթով քննություն էր գնում։ Հաջորդ օրը խորհրդականի դին գտնվեց մոտակա Դալարիկի ձորում՝ կապկպված, խոշտանգված։ Սպանության առիթով գործ հարուցվեց, ապա տեղեկացանք, որ կասկածյալներ կան:
«Հրապարակ»-ի աղբյուրները հայտնեցին, որ սպանության մեջ կասկածվում են ընտանիքի անդամները, մասնավորապես՝ կինն ու որդին: Սպանության դրդապատճառը, նախնական տեղեկություններով, անհաշտ հարաբերություններն են եղել: Ասում են՝ ընտանիքում տևական ժամանակ անտանելի մթնոլորտ է եղել, Մանուկ Սիմոնյանը պարբերաբար բռնություն է գործադրել կնոջ նկատմամբ:
Մեր հարցին ի պատասխան՝ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից նշեցին, որ շուտով հաղորդագրություն կտարածեն, ապա հավելեցին, որ ձերբակալված անձ կա: Ճի՞շտ են տեղեկությունները, որ սպանության մեջ կասկածվում են ընտանիքի անդամները, մեզ պատասխանեցին, որ նման տեղեկություններ այս պահին չեն կարող տրամադրել:
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի 52-ամյա խորհրդական Մանուկ Սիմոնյանը հուլիսի 23-ից որոնվում էր որպես անհետ կորած: