28/07/2017 15:17
50 տարի անց «Երազողները» ֆիլմը գտնվել ու թվայնացվել է
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իր հեռուստադիտողների համար անակնկալ է պատրաստել: Գրեթե 50 տարի ընդմիջումից հետո հուլիսի 30-ին՝ ժամը 20:30-ին, «Երազողները» երաժշտական կինոնկարն առաջին անգամ կցուցադրվի Առաջինի եթերում:
Ֆիլմը նկարահանվել է 1969 թ-ին «Երեւան» հեռուստաֆիլմերի ստուդիայի կողմից ու ցուցադրվել ընդամենը մեկ անգամ «Արվեստի աշխատողների տանը», այնուհետ՝ արգելվել:
Այն պատմում է «Երազողները» ռոք-խմբի մասին, որի կազմում էին Պոլիտեխնիկի՝ աշխարհահռչակ «Beatles» խմբից ոգեշնչված ուսանողներ Հրայր Կոտոյանը, Զավեն Սարգսյանը, Հակոբ Պետրոսյանը, Երվանդ Երզնկյանը, Սլավա Բունիաթյանը (վերջինիս որոշ ժամանակ անց փոխարինել է Արմեն Զաքարյանը):
Ֆիլմի ռեժիսորն է ՀԽՍՀ կինեմատոգրաֆիստների միության անդամ, սցենարիստ Անատոլի Մոկացյանը։
Այսօր՝ կես դար անց, Հանրայինի թիմը հայտնաբերել է ֆիլմն իր արխիվում, վերականգնել ու թվայնացրել, ինչի արդյունքում այն հնարավոր է դարձել ներկայացնել հանրությանը: