28/07/2017 12:14
ԱՄՆ Սենատն ընդունել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացման օրինագիծը
ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հինգշաբթի հավանություն է տվել այն օրինագծին, որը նախատեսում է ամերիկյան պատժամիջոցների խստացում Ռուսաստանի, Իրանի և ԿԺԴՀ-ի նկտամամբ: Օրինագծի ընդունման օգտին տրվել Է 98 ձայն: Ինչպես հայտնում է ТАСС-ը, դեմ են հանդես եկել սոսկ անկախ սենատոր Բեռնի Սանդերսը, որն անցյալ տարի Հիլարի Քլինթոնին տանուլ է տվել նախագահ ընտրվելու իրավունքը, և հանրապետական Ռենդ Փոլը:
Վերջինս պահպանողական է, որը հանդես է գալիս արտաքին քաղաքականության բնագավառում ուրիշի գործերին հնարավորինս քիչ միջամտելու օգտին: Քանի որ երեքշաբթի նույն օրինագծի օգտին քվեարկել էր Ներկայացուցնիչների պալատի անդամների մեծասանությունը (419 ընդդեմ 3-ի – ТАСС), փաստաթուղթը, որն ստացել է «Պատժամիջոցներով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենք» անվանումը, կդրվի Դոնալդ Թրամփի աշխատանքային սեղանին: Սպիտակ տունը վերջին օրերին ազդանշաններ էր տվել, որ ԱՄՆ-ի նախագահը հավանություն է տալիս հիշյալ երեք պետությունների դեմ սահմանափակիչ միջոցների խստացմանը, սակայն որոշում կընդունի այն բանից հետո, երբ ծանոթանա օրինագծի վերջնական տարբերակին:
Միևնույն ժամանակ, դեռ հայտնի չէ, թե Թրամփը մտադիր է արդյոք ստորագրել փաստաթուղթը: Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունում հինգշաբթի երեկոյան հրաժարվել են պարզություն մտցնել այս հարցում: Reuters գործակալության վկայությամբ, որը վկայակոչում է Սպիտակ տան մի անհայտ ներկայացուցչի, կարող է անցնել մի երկու օր, նախքան օրինագիծը ներկայացվի ԱՄՆ-ի նախագահի ստորագրմանը: