27/07/2017 13:55
Հունոտի կիրճ. Քայլարշավ դեպի «Զոնծիկներ» ջրվեժ. Լուսանկարներ
Aysor.am-ը շարունակում է ներկայացնել Արցախի ուշագրավ և այցելության արժանի վայրերը: Եթե Դուք պատրաստվում եք ձեր արձակուրդն անցկացնել Արցախում, ապա կարող եք Ստեփանակերտի հայտնի «Պյատոչոկից» ու Տատիկ-Պապիկից հետո, ձեր այցելության ծրագրում ավելացնել նաև դրանք:
Տարեկանի արտում` անդունդի եզրին. Ջդրդուզ-Կատարոտ
Շուշի քաղաքի եզրին գտնվող կիրճը` Ջդրդուզը կամ Կատարոտը, Արցախի` այցելության համար ամենահայտնի վայրերից մեկն է: Մի քանի հեկտար զբաղեցնող դաշտավայրն ու անդուդը սելինջերյան մոտիվներն են հիշեցնում:
Ջդրդուզ հնարավոր է հասնել Շուշի քաղաքից` ինչպես ոտքով, այնպես էլ` մինչև արգելոցի տարածքը մեքենայով բարձրանալով:
Կիրճի ներքևում հոսում է Կարկառ գետը:
Հունոտի կիրճը. Ճանապարհ դեպի «Զոնծիկներ»
Հունոտի կիրճը Ջդրդուզի (Կատարոտի) ներքևում է: Վերևից նայելիս թվում է` կիրճ իջնելն անհնար է և, եթե փորձեք դա անել հենց Ջդրդուզից, կհամոզվեք (ամեն դեպքում նման փորձը կարող է շատ վտանգավոր լինել-հեղ.): Փոխարենը կա Հունոտի կիրճ տանող բավականին պարզ` քայլարշավային ճանապարհ Շուշիի մերձակայքում գտնվող Մխիթարաշեն գյուղից:
Եթե Արցախ սեփական մեքենայով չեք եկել, ապա Մխիթարաշեն գյուղ` մինչև Հունոտի քայլարշավային ճանապարհի սկիզբ, կարող եք հասնել Ստեփանակերտում գործող հատուկ զբոսաշրջային միկրոավտոբուսներով: Հունոտի կիրճի ուղղությամբ դրանք շարժվում են Ստեփանակերտի հրապարակից` երկուշաբթիից բացի, շաբաթվա բոլոր օրերին, առավոտյան ժամը 9:15 և մեկ ուղղությամբ արժեն 250 դրամ:
Հունոտի կիրճ անվան ծագումնաբանության վերաբերյալ ասում են, թե պատճառը տարածքում հոնի ծառի առատությունն է: Արցախում հոնով հարուստ վայրերն անվանում են «հունոտ», իսկ, օրինակ, ընկույզով հարուստները`«ջղպուրոտ»:
Հունոտի «Կապույտ», «Կանաչ» ու «Նարնջագույն» ուղղությունները
Մխիթարաշենից սկսվում է Հունոտի կիրճի քայլարշավային ճանապարհը, որն ունի 3` տարբեր բարդության ու տարբեր ուղղություններով տանող ճյուղավորումներ: Դրանք կարող եք տարբերել ճանապարհը հուշող ցուցանակների գույներով:
Կապույտ նշաններով ճանապարհը Ձեզ կտանի դեպի Հունոտի` «Զոնծիկների» (ռուս.` зонтик-հովանոց/անձրևանոց- հեղ.) անունով հայտնի ջրվեժը, կանաչը` դեպի Հունոտ գյուղի ավերակներ, հնագույն կամուրջ ու Շուշի քաղաքի մատույցներ, իսկ նարնջագույնը` կիրճի քարանձավներ: Նշենք, որ վերջին` նարնջագույնն ուղղությունն, այժմ ժամանակավոր փակ է` քարանձավներում տեղի ունեցող քարաթափումների ու վտանգավոր լինելու պատճառով:
Քանի որ զբոսաշրջիկներին հիմնականում հմայում են «Զոնծիկները», մենք ճանապարհը կշարունակենք «կապույտ» ուղղությամբ:
Այս ուղղությամբ քայլարշավի ընթացքում պարբերաբար ականատես կլինեք մարքրությունը պահպանել կոչ անող ցուցանակներին, փայտե կենդանի-քանդակների, ինչպես նաև` քայլարշավի ընթացքում կկարողանաք հանգստանալ արգելոցի տարածքում տեղադրված փայտե նստարաններին:
Արգելոցում այս բարեկարգումները, տեղացիների խոսքով, կատարվել են դրա նախկին տնօրեն` Մարատ Դանիելյանի օրոք:
Ասում են` նստարանները տեղադրելիս նա անցել է այս ճանապարհով ու որոշել` որտեղ հոգնի ու նստելու կարիք զգա, հենց այդ տեղում էլ կտեղադրեն հերթական նստարանը:
2016թ.-ի ապրիլյան պատերազմի ժամանակ արգելոցի նախկին տնօրեն Մարատ Դանիելյանը զոհվել է:
Ճանապարհի կեսին կարող եք նաև կանգառ անել արգելոցի աշխատակիցների մոտ, որտեղ վաճառվում է ինքնաեռով պատրաստված թեյ, սուրճ կամ եփած եգիպտացորեն:
Հունոտի կիրճի այս ուղղության առանձնահատկություններից են նաև Հունոտ գյուղի ու դրա ջրաղացների ավերակները:
Հունոտ գյուղը Կարկառի ձախ ափին էր: Հիմնվել էր 18-րդ դարում ու լքվել 20-րդ դարում: Հունոտ գյուղը հայտնի էր իր ջրաղացներով ու Շուշի քաղաք ալյուրի հիմնական մատակարարն էր:
Քայլարշավի ընթացքում աջ կողմի ժայռերի վրա երևում են նաև Շուշի քաղաքի պարսպի հնագույն հատվածները:
Դեպի «Զոնծիկներ» ճանապարհին Ձեզ սպասվում է մեկ գետանցում` փայտե կամուրջով:
Հայտնի ջրվեժներն ու Եվան
Ջրվեժին մոտենալիս պետք է հաշվի առնել, որ մամռապատ տարածքի ու մշտապես հոսող ջրի պատճառով այստեղ տարածքը սահում է: Այնպես որ այս քայլարշավին պատրաստվելիս ընտրեք հարմար կոշիկներ:
«Զոնծիկներ»-ի անվան մասին: Պաշտոնապես Մամռոտ քար կոչվող ջրվեժը «Զոնծիկներ» է կնքել ժողովուրդը, քանի որ քարի տեսքն ու թափվող ջուրը նմանություն ունեն հովանոց/անձրևանոցի հետ:
Ջրվեժի տարածքում ևս կա մեկ փայտե կամուրջ: Տարածքը շատ սիրելի է ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ` տեղացների կողմից:
Այս տարի ջրվեժին ավելացել է ևս մեկ առանձնահատկություն` ոչ բնական ծագմամբ: Անհայտ մի երիտասարդ մամռոտ շերտի վրա իր սիրո խոստովանությունն է հասցնել թողնել Եվային: Այնպես որ ջրվեժի տարածքում լուսանկարվելիս դուք ձեզ հետ կտանեք նաև Եվայի անունը: Արարքն, իհարկե, ռոմանտիկ է, բայց ոչ խրախուսելի, քանի որ խախտում է ջրվեժի բնականությունը:
Հետադարձը Մխիթարաշեն
Հետադարձը դեպի գյուղ կատարվում է նույն ճանապարհով` հետևելով կապույտ նշաններին: Կարևորը քայլարշավի ժամանակ չմոռանալ փոխօգնության մասին:
Նշենք, որ հայաստայան ԶԼՄ-ների այցն Արցախ կազմակերպվել է ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի «Բացահայտիր քեզ համար քո երկիրը» արշավի շրջանակում` ԱՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ: