28/07/2017 19:13
Ընկերներիս հետ հաճախ «ֆիլմեր» ենք նկարում. Մկոյի որդին որոշել է դերասան դառնալ (Լուսանկարներ)
Արմենիա Պրեմիում հեռուստաալիքի աշնանային եթերաշրջանը կուրախացնի նաև պատանի հեռուստադիտողին: Եթերում կլինի «Նվագախմբի երեխաները» բազմասերիանոց մանկապատանեկան երաժշտական ֆիլմը, որի հիմնական հերոսները հենց երեխաներն են:
Դերասան Մկրտիչ Արզումանյանի 10 ամյա որդին՝ Ալեքսանդր Արզումանյանը, ով ֆիլմում իր առաջին քայլերն է անում՝ կերպարանավորելով ֆիլմի «6/8» զույգի կլառնետահար «6»-ին, նկարահանման հրապարակում հայտնվել է քասթինգի արդյունքում:
«Հայրիկիս միջոցով իմացա, որ ֆիլմի քասթինգ է հայտարարվել և ցանկություն հայտնեցի մասնակցել դրան: Լավ էր, հաղթահարեցի այդ փուլը, որից հետո ծանոթացա սցենարին ու կերպարին: Շատ էի ուզում, որ հումորային սերիալ լիներ, ուրախացա, որ պարզվեց այդպիսին է: Սա մանկապատանեկան հումորային, երաժշտական ֆիլմ է», - Aysor.am-ի հետ զրույցում պատմեց Ալեքսանդրը:
Փոքրիկ դերասանին առավել ոգեշնչել էր այն հանգամանքը, որ իր հերոսը կլառնետ է նվագելու: Հատուկ ֆիլմի համար դասընթացների է հաճախել ու սովորել երաժշտական այդ գործիքին տիրապետել: Ու հիմա 4-րդ դասարանը նոր ավարտած աշակերտը ապագա մասնագիտության հետ կապված որոշ պլաններ ունի:
«Երևի թե կշարունակեմ երաժշտությամբ հետաքրքրվել: Հետաքրքրված եմ նաև Stand Up-ներով ու ՈւՀԱ-ով: Ընկերներիս հետ հաճախ պլանշետով մեր պատկերացրած ֆիլմերն ենք նկարում: Շատ կցանկանամ դերասան դառնալ, տարբեր հումորային նախագծերում նկարահանվել», - նշեց նա:
Իսկ թե ո՞ւմ հետ կցանկանար կրկին նույն նկարահանման հրապարակում հայտնվել՝ նկատեց.
«Մեր սիթքոմի դերասաններից Ժան Աբրահամյանի «16 տարեկան, պարող՝ հեղ.» և Մերի Քոչարյանի հետ կցանկանայի նկարահանվել (13 տարեկան, երգչուհի՝ հեղ.): Նրանց հետ շատ եմ շփվում: Իսկ ընդհանրապես, ամենաշատը կուզեմ հայրիկիս հետ նկարահանվել: Մի անգամ ցանկություն եմ հայտնել իր հետ նկարվել «Ռեստարտ 2020» նախագծում, ուզում էի լինել «աշխարհի վերջին երեխան», բայց չթողեց, քանի որ ըստ սցենարի՝ այնտեղ երեխա չպետք է լիներ: Չնայած, «Փախիր, կամ ամուսնացիր»-ում մարմնավորել եմ Աղասիկի փոքր տարիքը: Մեծ հաճույք եմ ստացել այդ նկարահանումներից»:
Որդու հետ նկարահանման հրապարակում հայտնվելու հարցում Մկրտիչ Արզումանյանն այլ կարծիք ունի. ընդգծում է՝ միասին խաղալու համար Ալիկը դեռ շատ պետք է աճի:
«Որպես դերասան քաջ գիտակցելով բոլոր նրբությունները՝ չեմ համարում, որ նա դերասանական այն կարողություններն ունի, որ կարելի է իրեն լուրջ ֆիլմում ներառել: Ի տարբերություն «Նվագախմբի երեխաները» նախագծի շատ փոքրիկների, իմ որդին առավել սկսնակ է: Հենց այդ պատճառով էլ ծավալուն դեր չունի, ինչին ես կողմ եմ: Այս երեխաների հետ նկարահանվելն արդեն իսկ ձեռքբերում է իր հետագա կարիերայի համար», - ընդգծեց դերասանը:
Նրա մարմնավորած հումորային կերպարները բազմաթիվ են, Ալեքսանդրը դրանցից երկուսն է առանձնացրել: Սակայն մի բան հաստատ է՝ որդին հորը կրկնօրինակել չի ցանկանում: Ինչպես ինքն է ասում՝ ուզում է իրենը ստեղծել ու դրա համար շա՜տ ժամանակ ունի:
«Հայրիկիս կերպարներից ամենաշատն ինձ դուր են գալիս Ցոլակ Կարպիչն (Ալաբալանիցա՝ հեղ.) ու Աղասիկը (Փախիր, կամ ամուսնացիր՝ հեղ.): Իմ կարծիքով դրանք ամենածիծաղելի կերպարներն են», - ժպիտով խոստովանեց նա:
Հարցին, թե ինչպես է վերաբերում իր կատարած աշխատանքին հայրիկը, պատասխանեց.
«Տանը հայրիկս ինձ հետ պարապում է, որպեսզի տեսախցիկի առջև չկմկմամ, չկաշկանդվեմ, պատրաստված լինեմ: Նաև ֆիլմի երգերն ենք պարապում: Նա ինձ օգտակար խորհուրդներ է տալիս»:
Մանկական անկեղծությամբ չի թաքցնում՝ նկարահանման հրապարակում երկար ժամանակ անցկացնելով՝ երբեմն հոգնում է, բայց այնտեղից միշտ տուն է գնում բարձր տրամադրությամբ ու լավ տպավորություններով՝ աշխատանքային հետաքրքիր պահերով կիսվելով ընտանիքի անդամների հետ:
Ամառային հանգստի շրջանին ընդամենը մեկ ամիս է մնացել: Փոքրիկ դերասանը չի դժգոհում՝ ախատանքին զուգահեռ հասցնում է նաև հանգստանալ:
«Երկու օրից կավարտվեն սիթքոմի նկարահանումները ու ես կմեկնեմ Գյումրի՝ պապիկիս ու տատիկիս մոտ: Շատ եմ սիրում Գյումրին, կարողանում եմ նաև այնտեղի բարբառով խոսել», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Ալեքսանդր Արզումանյանը:
Փոքրիկ դերչասանը վստահ է՝ այս ֆիլմը կհետաքրքրի իր հասակակիցներին: