29/07/2017 23:53
«Իսկանդեր»-ի հրթիռներ խոցելու հնարավորություն չունի ոչ միայն Ադրբեջանն, այլև` առաջատար երկրները. ՊԲ հրամանատար
«Իսկանդեր»-ի հրթիռներ խոցելու հնարավորություն չունի ոչ միայն Ադրբեջանն, այլև` առաջատար երկրները, Հանարյին հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդմանն այս մասին ասել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն` անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի վերջին հայտարարություններին:
«Իսկանդերի հրթիռի արձակման ժամանակ հետագծի բարձրությունը մինչև 100 կմ է, անկման անկյունը, կարելի է ասել, 90 աստիճանի մոտ։ Դեռևս այդպիսի հրթիռները խոցելու հնարավորություն ոչ թե Ադրբեջանը, այլ առաջատար երկրները չունեն»,- ասել է Լ. Մնացականյանն` ընդգծելով, այս միջոցն անտեսելու միտումը կամ միամտություն է, կամ գործից անտեղյակություն կամ սեփական հասարակությանը հանգստացնելու փորձ:
Անդրադառնալով Զ. Հասանովի մեկ այլ հայտարարությանը, թե ապրիլին կիրառվել է ադրբեջանական բանակի միայն 15-20 տոկոսը, ՊԲ հրամանատարը նշեց.
«Ադրբեջանի զինված ուժերի 15-20 տոկոսը իրենից ներկայացնում է տանկեր և հետևակի մարտական մեքենաներ, մինչև 250-300 հատ հրետանի և ականանետ՝ մինչև 45-500 հատ: Համազարկային ռեակտիվ համակարգեր՝ արդի և խոշոր տրամաչափի մինչև 60 հատ,
հակատանկային միջոցներ մինչև 600-700 հատ և անձնականզմ՝ մինչև 20000 և ինքը դրա մասին հպարտությամբ ասում է: Այդքանն իրենք կիրառել են ապրիլյան գործողությունների ժամանակ և ունեցել ընդամենը մի վաշտի մարտական խնդրի համահունչ հաջողություն»:
Պատասխանելով հարցին` ի՞նչ կլինի, եթե հայկական կողմը կիրառի բանակի 15-20 տոկոսն, Արցախի պաշտպանության նախարարն
ասել է.
«Եթե մենք կիրառենք մեր բանակի 15-20 տոկոսը, միանշանակ արդյունքը կլինի մի քանի անգամ գերազանցող՝ ինչ-որ ունեցել ենք. կընդլայնվի, կխորանա անվտանգության գոտին և 15- 20 տոկոս կիրառելու դեպքում մենք կունենանք մեկ այլ իրականություն։ Կարծում եմ, այդ 15-20 տոկոս կիրառելուց հետո մոտ մի հինգ, տասը տարի, միգուցե, նաև ավելին, հակառակորդը չի ձգտի վերսկսել ինչ-որ մի մարտական գործողություն»: