29/07/2017 22:59
Ադրբեջանական բանակն իր զինատեսակների կիրառման արդյունավետության մասով լուրջ խնդիրներ ունի. Լևոն Մնացականյան
Ադրբեջանի կողմից սպառազինության գնումներից անկախ` ուժերի հավասարակշռությունը երբևէ չի խախտել ու չի խախտելու, Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդմանն այս մասին ասել է
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
«Բալանսը երբևիցե չի խախտվել ու չի խախտվելու: Բալանսը խախտված է եղել 1992 թվականին, ու այն ժամանակ իրենք ունեին բացարձակ առավելություն բոլոր զինատեսակներով: Եվ այդ պայմաններում չկարողացան կատարել
իրենց առջև դրված խնդիրները: Ունեցանք այն, ինչ գրանցվեց 1994 թվականի մայիսին»,- նշել է Պաշտպանության բանակի հրամանատարը:
Նախարարն ընդգծել է` փորձը ցույց է տվել, որ ադրբեջանական բանակն իր զինատեսակների կիրառման արդյունավետության մասով լուրջ խնդիրներ ունի, ինչում համոզվեցինք նաև 2016 թվականի ապրիլյան գործողութոյւնների
Ժամանակ.
«Հակառակորդը կիրառել էր լավագույն արդի ժամանակակից զինտեխնիկան: Կիրառվել են «Սմերչ» համակարգեր, կիրառվել են հրանետային համակարգեր՝ «ТОС-1», կիրառվել են իսրայելական, թուրքական համազարկային «Kasirga» T-300 հրթիռային միջոցները, կիրառվել են անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը ճշգրիտ խոցման միջոցներ են: Ունեցել են ընդամենը մասնակի հաջողություն տվյալ ուղղություններում: Դա մեզ հուշում է, որ չնայած ձեռքբերումների, այնուամենայնիվ, իրենք խնդիր ունեն կիրառման առումով, այդ տեխնիկայի յուրացման առումով»,-նշել է նախարարն ընդգծելով` մեկանգամյա ուսուցումը դեռևս չի նշանակում, որ ստորաբաժանումը կամ զորամասը պատրաստ են զինատեսակը արդյունավետ կիրառել:
«Չեմ կարծում, որ նրանք ի վիճակի են դրանք մինչև վերջ յուրացնելու, արդյունավետ օգտագործելու սահմանային գործողությունների ընթացքում»,- ամփոփել է Լևոն Մնացականյանը: