29/07/2017 23:19
Ադրբեջանի նոր հարձակման դեպքում ընդլայնելու ենք մեր անվտանգության գոտին. Լևոն Մնացականյան
Ադրբեջանի նոր հարձակման դեպքում մենք անցնելու ենք հակահարձակման ու ընդլայնելու ենք անվտանգության գոտին, Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդմանն այս մասին ասել է
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
«Այդ հակահարձակողական գործողությունների ընթացքում մենք ընդլայնելու ենք այսօրվա մեր գոյություն ունեցող անվտանգության գոտու լայնությունը և անվտանգության գոտու խորությունը, 2016թ ապրիլյան գործողությունների այդ սահմանափակ հենակետերը, որ անցել են իրենց հսկողության տակ, միանշանակ վերականգնվելու են»,- ասել է ՊԲ հրամանատարը:
Նա նշել է` կարող ենք փաստել, որ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր այլևս չկան:
«Այլևս չկան ոչ թե որ իրենք ի վիճակի չեն, չեն կարող, այլևս չկան, որովհետև մենք չենք թույլ տալիս իրենց դրանք իրականացնելու: Ամբողջ սահմանային գծի երկայնքով մենք վերահսկողություն ենք իրականացնում՝ այդ թվում նաև գիշերային պայմաններում: Նման վերջին փորձը իրենք ձեռնարկել են այս տարվա փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը և մենք տեղյակ ենք արդյունքի մասին: Ունեին 6 զոհ, որից 5-ը թողել էին դաշտում և մեկը ծանր վիրավորվել էր, որից հետո հոսպիտալում մահացել: Դրանից հետո ընդհանրապես բացառվել է դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձերը»,- ասել է նախարարը: