29/07/2017 23:30
Ապրիլին ադրբեջանական բանակը միայն հատուկ նշանակության բրիգադից ավելի քան 400 զինծառայող է կորցրել. Լևոն Մնացականյան
2016 թ. ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանի բանակը, այսպես կոչված, էլիտար «052 Յաշմա» հատուկ նշանակության բրիգադից միայն 400-ից ավելի զոհ է ունեցել, «Օրակարգից դուրս» հաղորդմանն այս մասին ասել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
«Իրենց դիակները, որ փոխանակել ենք, եղել է փաստաթուղթ, որտեղ նշված է եղել` «Յաշմա»-ի 052 բրիգադայի 71 կամ 72-րդ խումբը: Դա ենթադրում է, որ «Յաշմա» բրիգադայի 1000-րդ զինծառայողը գտնվել է մարտական գործողությունների շրջանում և ոչնչացվել է: Այսինքն՝ բրիգադան լրիվ կազմով ընդգրկված է եղել հյուսիսային ուղղության մարտական գործողություններում: Չնայած` իրենք հայտարարում են, որ չեն հարձակվել»,- ասել է Լևոն Մնացականյանը:
Նրա խոսքով` այսօր Ադրբեջանում իրականացվում են հատուկ նշանակության բրիգադի վերականգնողական աշխատանքներ.
«Ուսումնասիրություններ են անցկացնում զորամասերում, միավորումներում, պայմանագրային զինծառայողներից ընտրում են հատուկ ջոկատայիններ, աշխատում են, որպեսզի վերականգնեն, բայց չեմ կարծում, որ նման կորուստներից հետո մոտ երկու տարվա ընթացքում կարող են իրենք ուշքի գալ: Կարող են համալրել, բայց արդյոք ի վիճակի կլինե՞ն լուրջ խնդիրներ լուծելու»,- ասել է ՊԲ հրամանատարը: