31/07/2017 15:06
«100 գաղափար Հայաստանի համար» հանրապետական մրցույթն այս տարի կդառնա համահայկական
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող «100 գաղափար Հայաստանի համար» հանրապետական մրցույթն այս տարի կդառնա համահայկական՝ Սփյուռքի երիտասարդներին ևս հնարավորություն տալով իրենց գաղափարներ ներկայացնել նպաստ հայրենիքի զարգացման, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից:
Տեղի ունեցավ քննարկում՝ այս տարվա մրցույթի անվանակարգերը հաստատելու և անցկացման ժամկետները հստակեցնելու համար: Քննարկմանը նախարարի տեղակալ, «100 գաղափար Հայաստանի համար» երիտասարդական մրցույթի կազմկոմիտեի նախագահ Արսեն Քարամյանը նշեց, որ անցած տարի առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում անցկացված մրցույթի սահմանները կարելի է ընդլայնել.
«Սերտորեն համագործակցելով ՀՀ սփյուռքի նախարարության հետ՝ նաև մեր աշխարհասփյուռ երիտասարդներին ներգրավելու, նրանց գաղափարները լսելու, դրանք հանրայնացնելու հնարավորություն կընձեռենք: Մրցույթի անվանակարգերի քննարկումն ու վերջնական հաստատումը կարեւոր են՝ հաշվի առնելով նախորդ տարվա փորձը»:
Արսեն Քարամյանի խոսքով՝ այսօր առաջնահերթ նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, նրանց ներգրավել երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումները. «Պետք է գաղափարական բարեփոխումներ կատարենք, որպեսզի մեր վաղվա օրը լինի ավելի լավը: Բարեփոխումների իրականացման գործում մշտապես առաջնահերթ է երիտասարդների ներգրավվածությունը»,- նշեց նախարարի տեղակալը:
Երիտասարդական մրցույթի կազմկոմիտեի անդամները որոշեցին առաջիկա օրերի ընթացքում վերջնականապես հստակեցնել նոր, արդեն համահայկական դարձած մրցույթի կանոնակարգը, մասնակցության պայմանները, անվանակարգերը, ինչպես նաև անցկացման ժամկետները: