31/07/2017 16:05
Արցախում պատրաստվում են Հանրապետության տոնին
Հուլիսի 31-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության 26-րդ տարեդարձի տոնական միջոցառումների կազմակերպման ու համակարգման հանձնաժողովի առաջին նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Ընդգծելով նման կարևոր պետական միջոցառման իմաստն ու նշանակությունը՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ հանձնաժողովի նպատակն է տոնական տրամադրություն ստեղծել հանրապետության ողջ տարածքում և համեստ ու բարձրաճաշակ միջոցառումներով արտաքին աշխարհին տեսանելի դարձնել այն ճանապարհը, որ անցել է ինքնիշխան Արցախի Հանրապետությունը 1991 թվականից ի վեր:
Սահմանված ժամկետներում Ստեփանակերտում և հանրապետության շրջաններում արդեն ձևավորվել են տեղական հանձնաժողովներ, որոնք կառավարական հանձնաժողովին են ներկայացրել նախատեսվող միջոցառումների ծրագրերը և անհրաժեշտ ծախսերի նախահաշիվները: Մինչև օգոստոսի 5-ը կքննարկվեն ներկայացված առաջարկները և կձևավորվի տոնական միջոցառումների համալիր ծրագիրը:
Աշոտ Ղուլյանը համապատասխան հանձնարարականներ է տվել հանձնաժողովի անդամներին՝ միջոցառումների նախապատրաստական աշխատանքները սահմանված ժամկետներում իրականացնելու համար: