31/07/2017 19:03
Ժամանակն է, որ արվեստագետները վերածվեն արվեստագործների. Ռիտա Խալաթյան
Օգոստոսին կմեկնարկի «Սոսե» միջազգային կինոփառատոնը՝ այս անգամ նոր ձևաչափով: 4 տարի շարունակ հայկական և միջազգային շուկայում իր գործունեությունը ծավալող կինոփառատոնը դուրս կգա թեմատիկ սահմանափակումներից և կցուցադրվի ողջ տարվա ընթացքում: Հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին՝ կինոփառատոնը շարունակելու է խոսել կանանց մասին՝ մշակույթի լեզվով՝ «Բովանդակությունը՝ կին» թեմատիկ մրցութային ծրագրի շրջանակում։ Նաև շարունակելու է աջակցել ուսանողներին՝ «Ուսանողական» մրցութային ծրագրի շրջանակում։
«Սոսեի» հիմնադիր Ռիտա Խալաթյանի հետ Aysor.am-ը զրուցել է փառատոնի գործունեության, կատարված փոփոխությունների, հայկական ֆիլմարտադրության վիճակի մասին:
-Ինչպե՞ս առաջացավ Հայաստանում նոր կինոփառատոն ստեղծելու գաղափարը և ինչո՞վ պետք է այն տարբերվեր նախորդներից:
-Մենք երիտասարդներով հիմնել էինք «Զիս» կենտրոնը, որը զբաղվում էր մշակութային միջոցառումներ իրականացնլով: Մեր քննարկումներից մեկի ժամանակ, թե ինչ միջոցառում կազմակերպենք կանանց միամսյակին ընդառաջ, որոշեցինք հայկական ֆիլմերի ցուցադրություններ անել, որոնց կենտրոնում կինն էր: Տարբեր կարծիքներ փոխանակելուց հետո, ի վերջո, ծնվեց կինոփառատոնի գաղափարը: Դիմեցինք Ազգային կինոկենտրոն, մեզ տրամադրեցին վերոհիշյալ թեմայով ֆիլմերը: Հաջորդ տարի կինոփառատոնը հանրապետականից դարձավ միջազգային։
Կինոն իմ ցավոտ կողմերից է, և ես որոշեցի ոչ թե բողոքել իրականությունից, այլ փորձել փոխել այն, նպաստել, սեփական մի կաթիլն ավելացնել մեր ֆիլմարտադրության վերածննդի գործին։ Ըստ էության, աշխարհի բոլոր կինոփառատոնները նման են, և ոչ ոք հեծանիվ չի հորինում: Այստեղ կարևորն ինչը չէ, այլ ինչպեսն է։ Մեր ծրագրերն ու քայլերն այլ են, ֆիլմարտադրության զարգացման ճանապարհները մենք այլ կերպ ենք տեսնում, մյուս կինոփառատոնների մոտեցումն այլ է։ Իսկ թե ինչքանո՞վ մեր ծրագրերն իրենց կարդարացնեն, կերևա հետո։ Ի վերջո, եթե ծնվում են կինոփառատոններ, ուրեմն՝ նախորդներն իրենց չեն արդարացրել: Կինոփառատոնը քննություն չէ որևէ մեկի առաջ, ընդամենը դասաժամ է, իսկ քննությունը մեր ֆիլմարտադրությունն է:
-Որո՞նք են ի սկզբանե եղել Ձեր՝ որպես փառատոնի հիմնադրի, նպատակները, և 2014 թվականից ի վեր որքանո՞վ են դրանք իրականացել:
- Նպատակը մեկն է՝ ֆիլմարտադրության զարգացում: Մինչ օրս ինչ ծրագրել ենք` իրականացել է, բացի այն կետերից, որտեղ մենք ֆինանսապես կաղել ենք։ Ունենք անսպառ ստեղծագործական միտք, անսպառ ուժ ու եռանդ: Կինոփառատոնը ծնվեց տեղական արտադրության ընդամենը 9-ը ֆիլմով, իսկ հաջորդ տարիներին ֆիլմերի քանակը հասավ 600-ի: Միջազգային հարթակներում մեզ արդեն գիտեն, մեր ֆիլմերը որակապես չեն զիջում աշխարհի շատ հեղինակավոր կինոփառատոններում ներկայացվելիք ֆիլմերին: Սովորաբար, կինոփառատոններում կան մարդիկ, ովքեր զբաղվում են լավ ֆիլմերի ներգրավմամբ, բայց մենք այդ խնդրանքով դեռ չենք դիմել ոչ ոքի, չնայած դրան՝ շատ բարձր մակարդակի ֆիլմեր ենք ստացել։ Մենք միայն մեր ստեղծագործողներին ենք առաջարկում մասնակցել, որովհետև ցանկանում ենք մեր երկրում գտնել հետաքրքիր անձանց:
«Սոսե» միջազգային կինոփառատոնն իր համար շատ բարձր նշաձող է սահմանել, և տարեց տարի պիտի աճի՝ ելնելով սեփական սխալներից ու ձեռքբերումներից։ Ես՝ որպես կինոփառատոնի հիմնադիր, չունեմ վաստակավորի կոչում, երիտասարդ եմ և դեռ սխալվելու ժամանակ ու իրավունք ունեմ, այնպես որ ամեն ինչ դեռ առջևում է։
-«Սոսեին» մասնակցող ֆիլմերի թեմատիկ առանձնահատկությունը կինն է եղել, զուգահեռաբար, իհարկե, եղել են հատուկ մրցութային ծրագրեր: Նախորդ տարի, օրինակ, դրանք էին՝ «Անկախությունը» և ջուրը՝ վերնագրված «H2O»: Սակայն այս տարի եղան ձևաչափային փոփոխություններ: Մի փոքր պատմեք դրանց մասին:
- Այո՛, փոփոխություններ եղան: Այս տարի փոխվել է կինոփառատոնի ձևաչափը․ դիտումները կանցկացվեն երկու ամսում՝ հնարավորություն տալով հանդիսատեսին առավել հանգիստ գրաֆիկով հետևելու ֆիլմերին։ Ամեն տարի կարող են փոփոխություններ լինել,քանի որ մեր գերնպատակն է նպաստել Հայաստանում ֆիլմարտադրության զարգացմանը, իսկ զարգացումը պայմանավորված է փոփոխական տարատեսակ գործողություններով, որոնք, ի վերջո, կձևավորեն, կխմորեն հումքը։ Մեզ համար կարևոր են հետաքրքիր մտածող անհատները, որոնց հայտնաբերում է կինոփառատոնն ու պահում իր հետագա ծրագրերի համար։
-Կա՞ն թեմաներ, որոնք չպետք է շոշափեն ձեր փառատոնում ընդգրկված ֆիլմերը:
-Ո՛չ, չկան այդպիսի թեմաներ: Կարևորը մատուցման ձևն է։ Նշեմ, որ մեր նախընտրական հանձնախումբը կազմված է միջազգային մասնագետներից, ովքեր տարբեր աշխարհընկալում և ազատության մասին տարբեր պատկերացումներ ունեն: Ի՞նչ պետք է մերժենք, Պազոլինի՞: Փառատոնի շրջանակներում նրա մասին կենսագրական ֆիլմ ենք ունեցել անցյալ տարի, որ ցուցադրել ենք Մաեստրո Փարաջանովի տուն-թանգարանում: Նաև եղել են ֆիլմեր, որոնք մեր հասարակության համար առավել փակ թեմաներ են շոշափել, արդյունքում դուրս են մնացել մրցութային ծրագրերից, որովհետև որակապես, մատուցման ձևով զիջում էին այլ ֆիլմերի:
-Դուք հաճախ նշում եք, որ էականը տարածաշրջանում կինոյի զարգացմանը խթանելն է: Հարավային Կովկասի երկրներից փառատոնում ֆիլմեր ընդգրկվե՞լ են, ի՞նչ քանակությամբ և որակի են եղել դրանք:
-Այո՛ , ընդգրկվել են, թեպետ այս տարի քիչ ֆիլմեր անցան նախընտրական փուլը, քանի որ ո՛չ Արցախի Հանրապետությունում, ո՛չ Վրաստանում, ո՛չ Ադրբեջանում չկա գործող ֆիլմարտադրություն: Տարածաշրջանն ունի շատ լուրջ խնդիրներ:
-Փառատոնի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ Հայաստան են այցելում միջազգային կինոգործիչներ, ֆիլմարտադրության ոլորտի մասնագետներ, մշակութային փորձի փոխանակում է լինում: Ստեղծո՞ւմ է դա նոր համագործակցությունների հնարավորություններ: Նախադեպեր կա՞ն:
- Յուրաքանչյուր փառատոնի (մանավանդ մեր երկրում իրականացվող միջազգային փառատոնի) թիվ մեկ նպատակը համագործակցության կամուրջներ ստեղծելն է, այդ մարդկանց գտնելը, սովորելը, տեսականը գործնականի վերածելը։ Մենք արդեն որոշակի համագործակցությունների նախնական պայմանավորվածություններ ունենք, որոնց մասին կինոփառատոնի շրջանակում կբարձրաձայնենք։ Այսօր, երբ ասում ես փառատոն, մարդիկ իսկույն պատկերացնում են կարմիր գորգ, շամպայն, լույսեր, գեղեցիկ հագուստ, ֆոտոներ, հարցազրույցներ: Մարդիկ կարող են այդպես պատկերացնել, բայց արվեստագետները՝ ոչ: Արդեն ժամանակն է,որ արվեստագետները վերածվեն արվեստագործների։ Մեզանում փառքի դափնիները արդարացված չեն։
-Մի փոքր խոսենք հայ կինոարտադրությունից: Ձեր դիտարկմամբ զարգացման ո՞ր փուլում է այն գտնվում և ի՞նչ բացեր ունի:
-Գտնվում է ճիշտ այն վիճակում, ինչ ամերիկյան կինոն 20-րդ դարասկզբին, երբ սնկի պես աճում էին կինոստուդիաները, ծնվում էին շատ կինոմիջոցառումներ, համագործակցություններ, և ընդամենը 15-20 տարի հետո ամերիկյան կինոն արդեն ուներ «Կոլումբիա փիքչերս», «Փարամաունթ փիքչերս», «Ուորներ բրոդերս», «Յունայթիդ արտիստս», «Մետրո Գոլդուին Մայեր» և այլն։ Բացերից առաջինը ամբիցիան է, երբ նպատակները հստակեցված չեն. ուզո՞ւմ են ֆիլմարտադրության զարգացում, թե՞ ուզում են սեփական կրքերի, անձնական խնդիրենրի, ինքնահաստատման, կարիերայի հարցեր լուծել։ Այստեղից պետք է սկսել, հակառակ դեպքում՝ ոչինչ չի ստացվի։ Մեր կինոգործիչների ամբիցիաները մթագնում են առողջ բանականությունը,մինչդեռ հակառակը պետք է լինի։
- 20-րդ դարում ամերիկյան կինոն նոր-նոր էր ձևավորվում, իսկ մենք սովետական կինոդպրոցն արդեն անցած և մեծապես հաջողված ֆիլմերի օրինակներ ունենք:
- Այո՛: Հետաճը, կարծում եմ, առաջին հերթին կապված է մեր տարածաշրջանում քաղաքական փոփոխություններով, երբ արվեստը հետին պլան մղվեց, արմատախիլ արվեցին շատ մշակութային ավանդույթներ, որոնք ձևավորում էին թատերասերներին, գրքասերներին, կինոսերներին։ Այդ անկման արդյունքում տուժեցին մեր երկրում բոլոր բնագավառները, բայց ամենաշատը, փաստորեն, ֆիլմարտադրությունը, որովհետև արվեստի մյուս ճյուղերը, կարծես թե, համեմատաբար լավ վիճակում են: Իմ խորին համոզմամաբ՝ խնդիրը կրթական է։
-Իսկ «Սոսեի» շրջանակներում հայկական ֆիլմերը կարողանո՞ւմ են հակակշիռ ստեղծել միջազգային կինոարտադրանքին: Մինչև օրս ի՞նչ հաջողություններ են ունեցել:
- Ոչ, ընդհանրապես մրցունակ չեն, ես դա ցավով եմ նշում։ Բազմիցս ասել եմ, նորից ուզում եմ ասել. կինոփառատոնում ունենում ենք ֆիլմեր, որոնց բյուջեն նույնն է, ինչ մեր երկրում նկարահանված ֆիլմերինը, բայց անհամեմատ բարձր է թե՛ իր գեղագիտությամբ, թե՛ ասելիքով, թե՛ դերասանական կատարմամբ։ Խնդիրը կիսագրագիտության և ինքնաբավության մեջ է։ Ի՞նչ հաջողություններ պետք է ունենան,եթե անտարբեր են սեփական ֆիլմի հանդեպ: Եթե ռուս ուսանողը, սեփական միջոցներով գալիս, հասնում է Երևան՝ ներկա գտնվելու իր ֆիլմի ցուցադրությանը, որտեղ ներկայացված է նաև հայ ուսանողի ֆիլմը, իսկ նա դահլիճում չէ, ապա ի՞նչ հաջողություններ նա պետք է ունենա։ Շատ անտարբեր են իրենք իրենց հանդեպ,իրենց ստեղծածի հանդեպ և շրջակա աշխարհի հանդեպ։
- Եվ վերջապես, ե՞րբ են սկսվելու ցուցադրությունները:
- «Սոսեի» կինոդիտումները կանցկացվեն 2017 թ.-ի օգոստոսից հոկտեմբեր ամիսների ընթացքում։ Իսկ մրցանակաբաշխությունը կկայանա հոկտեմբերի 14-ին։