31/07/2017 18:38
«Վերվարածներ» սերիալը վերադառնում է «Անուղղելիների» միջոցով. Սցենարիստը՝ նոր սերիալի մասին. Լուսանկարներ
Աշնանային նոր եթերաշրջանը «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքը կմեկնարկի հայկական արտադրության առաջին հեռուստասերիալի սիրված ու սպասված կերպարներով. «Վերվարածներին» 10 տարվա հեռավորությունից փոխարինելու կգա «Անուղղելիները»՝ ապացուցելու, որ «լավագույն նորը լավ մոռացված հինն է»:
Aysor.am-ի հետ զրույցում սցենարիստ Հարություն Ղուկասյանը հաստատեց՝ որոշակի առումով «Անուղղելիները» «Վերվարածների» տրամաբանական շարունակությունն է, բայց ոչ կրկնությունը:
«Կան նաև նոր, ցայտուն և բավականին հետաքրքիր կերպարներ, որոնք, վստահ եմ, դուր կգան հանդիսատեսին: Բացի այդ, առաջ են եկել նոր սյուժետային գծեր, հերոսններ, իրավիճակներ»,- նշեց մեր զրուցակիցը:
Սցենարիստը նկատեց՝ սիրված հեռուստասերիալը նորովի ներկայացնելու գաղափարը պատկանում է «Շանթ» հեռուստաընկերության նախագահ Արթուր Եզեկյանին: Խնդիր էր դրվել՝ հնարավորինս ժամանակակից, հետաքրքիր սյուժետային լուծումներով և որակյալ հումորով համեմված նախագիծ նկարահանել:
«Պետք է հին և սիրված հերոսների կողքին ունենայինք նոր, հետաքրքիր, վառ ու ճանաչելի կերպարներ: Կերպաներ, որոնք հետաքրքիր կլինեն թե՛ ժամանակակից երիտասարդությանը, թե՛ միջին և բարձր տարիքի հանդիսատեսին: Այդ առումով ինքս որոշակի նորարարության եմ գնացել. մինչ այժմ հայաստանյան բոլոր նախագծերի վրա աշխատել եմ միայնակ, «Անուղղելիներում» սցենարի ստեղծման աշխատանքներին որոշակիորեն մասնակցում է նաև երիտասարդ սցենարիստ Սամվել Ղուկասյանը, ով արդեն հասցրել է աշխատել մի քանի սիթքոմներում: Վստահ եմ, որ այս համագործակցությունից հանդիսատեսը միայն կշահի»,-հավատացրեց նա:
«Վերվարածները» ժամանակին ամենաշատ դիտելիություն ապահովող նախագիծն էր, իսկ ցանկացած հաջորդը պետք է կարողանա գերազանցել նախորդին, կամ, գոնե չզիջել: Հարություն Ղուկասյանը «Վերվարածների» բոլոր եթերաշրջանների սցենարիստն է: Հարցին՝ դժվար չէ՞ 10 տարի անց վերադառնալ նույն սերիալին, խոստովանեց.
«Ե՛վ դժվար է, և', միաժամանակ, դյուրին: Պետք է պահպանել այն սանդղակը՝ բարձր դիտելիությունը և հանդիսատեսի համակրանքը, որ ունեցել են «Վերվարածները» տարիներ շարունակ: Միաժամանակ, հարկավոր է նաև գոհացնել այն հանդիսատեսին, հիմնականում երիտասարդ սերնդին, ովքեր այդքան էլ ծանոթ չեն հայտնի հեռուստանախագծին: Կարծում եմ՝ մեզ հաջողվել է լուծել մեր առջև դրված խնդիրները… Ինչ վերաբերում է նախորդի հաջողությունը պահպանելուն, ապա ես վստահ եմ, որ ոչ միայն կպահպանի, այլև կգերազանցի բոլոր սպասելիքները: Կոնկրետ ինձ համար, որպես նախագծի սցենարիստի, սա լավագույն եթերաշրջաններից մեկն է, եթե ոչ լավագույնը` գոնե սցենարական մասով: Գումարած՝ սիրված և տաղանդավոր դերասանական կազմը, որտեղ բոլորն իրենց բարձրության վրա են»:
Տարիների հեռավորությունից հետհայացք գցելով՝ հայկական առաջին հեռուստասերիալի սցենարիստը չի ժխտում՝ թերություններ եղել են, որոնք ընթացքում անպայման շտկվել են.
«Ի վերջո, պետք չէ մոռանալ, որ «Վերվարածներն» առաջին հայկական հեռուստասերիալն էր: Այն ժամանակ ամեն ինչ առաջինն էր, և մենք նաև սովորում էինք մեր սխալների վրա: Այնուհանդերձ, պետք է ասել, որ թեկուզ 10 տարի անց սերիալի կրկնությունը դիտելուց հասկանում ես, որ այն ժամանակների համար բավականին որակյալ աշխատանք է կատարվել»:
Վերադառնալով «Անուղղելիներին»՝ Հ. Ղուկասյանը սերիալի մասին փակագծերն ամբողջովին բացել չցանկացավ: Միայն վստահեցրեց՝ սպասվում է իսկական դրայվ, հումոր և նոր ու հետաքրքիր իրավիճակներ: Իսկ թե դաշտում գերակշռող հումորային սիթքոմներից ինչո՞վ կառանձնանա՝ ընդգծեց.
«Նախ այս նախագիծը հարյուր տոկոսով տեղական արտադրանք է, այսինքն, հիմնված է մեր գաղափարի վրա, այլ ոչ թե արտասահմանյան որևէ նախագծի ֆորմատ է: Երկրորդ՝ սա հումորային հեռուսասերիալ է, այլ ոչ թե սիթքոմ: Երրորդ՝ այն թիմը, որն աշխատում է պրոյեկտի վրա, արդեն իսկ առանձնանում է: Եվ չորրոդ՝ մեր մոտեցումն աշխատանքին: Հավատացեք, արվում է բացառապես ամեն ինչ՝ որակյալ և տարբերվող նախագիծ ստեղծելու համար»:
Նոր սերիալում հին հերոսները՝ Արբին, Անթառամը, «Ճպլը», Լիպոն ու մյուսները հանդես կգան նույն կերպարներով ու անուններով, ավելացել են նաև նոր կերպարներ, այդ թվում՝ նաև երեխաներ:
«Հիմնական բոլոր կերպարները պահպանվել են: Նախորդ եթերաշրջանների ոչ բոլոր կերպարներն են լինելու նոր նախագծում, սակայն չեմ բացառում, որ նրանցից մի քանիսը կհայտնվեն հետագայում: Դերասանական կազմին են միացել նաև Գրիշա Աղախանյանը, Լևոն Մուրադյանը, Անահիտ Կիրակոսյանը և այլք, որոնց ևս հեռուստադիտողը կսիրի»,- նկատեց սցենարիստը:
Ի դեպ, «Վերվարածներում» սիրված կերպարներից էին դերասան Արտյոմ Կարապետյանի մարմնավորած Կնյազն ու Հայկ Սարատիկյանի մարմնավորած Լիպոն: Նրանցից մեկն արդեն փոխարինող ունի, մյուսն էլ, հնարավոր է, ընթացքում միանա թիմակիցներին:
«Արտյոմ Կարապետյանը և Հայկ Սարատիկյանը այժմ բնակվում են արտասահմանում և միայն այդ պատճառով է, որ նրանք ներգրաված չեն նախագծում: Լիպոյի կերպարը նոր դերասան է մարմնավորում՝ Մակար Գալստյանը: Կնյազը, դեռևս, որպես կերպար չկա, բայց հնարավոր է՝ Արտյոմ Կարապետյանը դեռ միանա նախագծին»,- տեղեկացրեց նա:
Սովորաբար, բազմամասանոց պրոյեկտների սերիաների քանակը կազմակերպիչներն ընթացքում են որոշում: Ամեն ինչ կախված է վարկանիշից. կամ ամիսներ անց անսպասելի հանգուցալուծում են, կամ՝ տարիներով ձգձգում:
«Մենք չենք շարժվում «ընթացքում կերևա» սկզբունքով: Բավականին լուրջ մոտեցում է ցուցաբերված այս նախագծին և հստակ պատկերացում կա սերիանների քանակի վերաբերյալ»,- Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Հարություն Ղուկասյանը:
Նշենք, որ հումորային սերիալի նկարահանումների համար հատուկ նոր, մեծ տաղավարներ են պատրաստվել, որտեղ տեղի կունենան հիմնական նկարահանումները: Սակայն, նկարահանումների միջավայրն այդքանով չի սահմանափակվի:
Նոր սերիալի առաջին մասերը նկարահանել է ռեժիսոր Ռոման Մուշեղյանը: Սակայն այժմ, նախորդ ռեժիսորի Հայաստանում չգտնվելու պատճառով. այդ գործը ստանձնել է ռեժիսոր Հայկ Վարդանյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ «Անուղղելիները» եթերում կլինի սեպտեմբերի 18-ից, շաբաթական 4 օր՝ 40-45 րոպե տևողությամբ: