01/08/2017 13:31
Մեր տարածաշրջանի որոշ երկրներ համագործակցության են գնում ահաբեկիչների հետ. ՀՀ նախագահ
Հայաստանն ու Իրանն աշխարհին լավագույնս ցույց են տալիս այն անհերքելի ճշմարտությունը, որ տարբեր կրոններ դավանող ժողովուրդները կարող են ապրել համերաշխ՝ զարգացնելով բարեկամական հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը՝ առանց բացառության բոլոր ոլորտներում, որ շահավետ են մեր երկրների և ժողովուրդների համար, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իրանական առաջատար «Շարղ» օրաթերթին տված հարցազրույցում:
«Համոզված եմ՝ դարերի ընթացքում ձևավորված բարիդրացիական հարաբերությունների մեկնակետը հանդիսացող համամարդկային արժեքների՝ քրիստոնեության և իսլամի երկխոսության վրա հիմնված երկու ժողովուրդների սերտ կապերը, մշակութային ընդհանրությունները և դարավոր բարեկամությունը նպաստում են, որ երկու երկրների միջև հարաբերությունները շարունակաբար բարձրանան որակական նոր մակարդակի: Այս տեսանկյունից Հայաստան-Իրան հարաբերությունները, առանց չափազանցության, օրինակելի և յուրահատուկ են, քանի որ դրանց ամրապնդման ճանապահին մենք կարողանում ենք լավագույնս համադրել դարերի խորքից եկող ավանդական արժեքները ժամանակակից իրողությունների հետ»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Լրագրողը հետաքրքրվել է, թե ո՞րն է Հայաստանի դիրքորոշումն ահաբեկչության և ծայրահեղականության տարածման հարցում և Իրանն ու Հայաստանն այդ կապակցությամբ ինչպիսի՞ օրակարգային համատեղ քայլեր կարող են ձեռնարկել:
Ի պատասխան Սերժ Սարգսյանն ասել է` ահաբեկչության սպառնալիքը ողջ աշխարհում առավել քան երբևէ լրջագույն մարտահրավեր է դարձել, և միջազգային հանրությունը պետք է վճռական ջանքեր գործադրի ներքին անվտանգության և կայունության ամրապնդման ուղղությամբ՝ թույլ չտալով ահաբեկչական կառույցներին հիմնավորվել իրենց տարածքներում:
«Զուգահեռաբար պետք է զարգացնել նաև միջպետական համագործակցությունը՝ տեղեկատվության փոխանակման, սպառնալիքների կանխման ուղղությամբ և ցուցաբերել համատեղ կամք և վճռականություն՝ ահաբեկչության չարիքի դեմ պայքարի գործում: Ահաբեկչության դեմ պայքարի համար կենսական անհրաժեշտություն է այդ երևույթի նկատմամբ իրապես անհադուրժող դիրքորոշման որդեգրումը: Միջազգային հանրությունը պետք է արմատախիլ անի քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող այդ ժանտախտը, կտրի դրա սնուցման, ֆինանսավորման, աջակցության, հովանավորման ուղիները: Ցավալի է, սակայն, նրանց ապաստան են տրամադրում, ցուցաբերում բազմապիսի աջակցություն: Նմանօրինակ վարքի նկատմամբ պետք է դրսևորվի համընդհանուր անհանդուրժողականություն»,- ասել է Հայաստանի նախագահը: