01/08/2017 13:09
Հայաստանը և Իրանը ոչ թե միջազգային անվտանգության սպառողներ են, այլ` այդ անվտանգության կերտողներ. Սերժ Սարգսյան
Հայաստանն ու Իրանը գտնվում են երկրագնդի առավել անկայուն և անհանգիստ տարածաշրջանների հարևանությամբ. որոշ երկրներում մոլեգնում են ահաբեկիչների վայրագությունները, այդ պետությունների ամբողջական հատվածներ գտնվում են այնպիսի ծայրահեղական կառույցների վերահսկողության տակ, ինչպիսին է տխրահռչակ «Իսլամական պետությունը», այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ իրանական առաջատար «Շարղ» օրաթերթին տված հարցազրույցում:
Հայաստանի նախագահը նկատել է, որ այդ երկրներից ահաբեկչության շոշափուկները տարածվում են դեպի տարածաշրջանի այլ երկրներ ու հիշեցրել վերջերս Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության դեպքը:
«Այս պայմաններում կարևոր է համատեղել միջազգային հանրության ջանքերը տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ամրապնդման գործում՝ կարևորագույն դերակատարություն ստանձնելով ծայրահեղականության դեմ մղվող պայքարում: Ըստ էության՝ մեր երկու երկրները ոչ թե միջազգային անվտանգության սպառողներ են, այլ այդ անվտանգության կերտողներ, որոնց գործակցությունը միտված է միմիայն կայուն և խաղաղ տարածաշրջանային համակեցության ապահովմանը: Հայաստանը և Իրանը, ըստ իս, ունեն մի կարևոր ընդհանրություն. միջազգային ասպարեզում մեր իրականացրած քաղաքականությունը հիմնված է արդարության հասնելու տեսլականի վրա, ինչը չափազանց կարևոր է առկա բազմաթիվ խնդիրների խաղաղ և հիմնավոր լուծման առումով», -իրանական թերթին տված հարցազրույցում ասել է Սերժ Սարգսյանը:
Նկատենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Թեհրան՝ մասնակցելու Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահի երդման արարողությանը: