01/08/2017 15:27
Հայաստանը պատրաստակամ է ամեն կերպ նպաստելու Իրան-ԵԱՏՄ համագործակցության զարգացմանը. Սերժ Սարգսյան
Էներգետիկ համագործակցությունը հայ-իրանական հարաբերությունների կարևորագույն բաղկացուցիչներից մեկն է: Շուրջ 10 տարի է, ինչ Իրանի հետ իրականացնում ենք «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» փոխշահավետ ծրագիրը: Այդ մասին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իրանական առաջատար «Շարղ» օրաթերթին տված հարցազրույցում:
Երկու երկրների միջև իրականացվող ծրագրի համատեքստում, նախագահ Սարգսյանը կարևորել է Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությունը, ինչը թույլ կտա զգալիորեն մեծացնել փոխանակման ծավալները:
Լրագրողը մասնավորապես հետաքրքրվել է, թե ինչո՞ւ հաջողություն չունեցավ դեպի Եվրոպա Հայաստանի և Վրաստանի տարածքով իրանական գազի տարանցման ծրագիրը և արդյո՞ք այս կապակցությամբ կարելի է հուսալ, որ շուտով նոր քայլեր կձեռնարկվեն:
«Ինչ վերաբերում է Իրանից Եվրոպա գազի տարանցման հարցին՝ նման մեծածավալ նախագծին, ապա դա պետք է բազմակողմանիորեն ուսումնասիրվի, հաշվարկվի, և եթե տնտեսապես շահավետ լինի բոլոր կողմերի համար, ապա՝ ինչու՞ ոչ։ Ձեր նշած հարցը ներկա պահին գտնվում է փորձագիտական քննարկումների մակարդակում: Մենք մեր հերթին բազմիցս նշել ենք, որ շահագրգռված ենք մասնակցելու տարածաշրջանային տնտեսական խոշոր նախագծերին և պատրաստ ենք համագործակցության համար», - պատասխանել է Հայաստանի նախագահը:
Մյուս հարցը վերաբերել է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում Իրանի հետ հարաբերություններին, ինչին Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ Հայաստանը պատրաստակամ է ամեն կերպ նպաստելու Իրան-ԵԱՏՄ համագործակցության զարգացմանը:
«Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախաձեռնել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ արտոնյալ առևտրային ռեժիմի շուրջ քննարկումներ, ինչի արդյունքում, ինչպես գիտեք, արդեն ընթանում են բանակցություններ: Վստահ եմ, որ այս համագործակցությունը կարող է բոլոր կողմերի համար շահավետ լինել՝ իրանական ապրանքների համար բացելով 180 միլիոն բնակչություն ունեցող շուկա: ԵԱՏՄ անդամ երկրներն էլ, իրենց հերթին, հնարավորություն կստանան իրենց արտադրանքն արտոնյալ պայմաններով ներկայացնելու իրանական շուկայում», - ասել է ՀՀ նախագահը:
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Սերժ Սարգսյանն ասել է, որ հայկական կողմը այս հարաբերությունները չի դիտարկում ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների հակադրության մեջ:
«Հայաստանն ամենակարճ և անվտանգ ցամաքային ճանապարհն է Իրանի հետ Եվրոպան կապելու համար։ Հայաստանն այսօր ունի սերտ գործընկերային հարաբերություններ ԵՄ-ի հետ, և պատրաստ ենք հարթակ տրամադրելու իրանցի և եվրոպացի գործարարներին՝ փոխշահավետ գործունեություն ծավալելու համար։ Մենք ԵՄ-ի հետ ունենք GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմ, որի շրջանակներում մի քանի հազար անուն հայկական ապրանքներ զրոյական մաքսատուրքով կարող են արտահանվել ԵՄ: Այդ հանգամանքը ևս կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ իրանական ներդրողների համար՝ ՀՀ-ում գործունեություն ծավալելու հարցում», - ասել է Սարգսյանը: