01/08/2017 17:25
Արվեստը հին կյանքի մեջ նոր կյանքի ձևն է, զգացական աշխարհը բացատրելու կատարյալ ունակություն. լիբանանահայ գրող Գրիգոր Տարագճյան
Լիբանանահայ գրող Գրիգոր Տարագճյանը տարբերվում է ինչպես իր կերպարով, այնպես էլ յուրահատուկ բանաստեղծական ձեռագրով: Սկսել է գրել 2012թ.-ից: Արդեն լույս են տեսել նրա խորը փիլիսոփայական միտք պարունակող բանաստեղծությունների երկու ժողովածուները՝ «Եթե երկու սիրտ ունենամ անգամ՝ քեզ եմ սիրելու», «Արգելված չէ խենթանալ», որոնք առկա են Երևանի բոլոր հայտնի գրախանութներում: Իսկ ինչպիսին է գրողի ներաշխարհը, կբացահայտեն բանաստեղծի պատասխանները:
- Ինչու՞ եք արվեստի ճյուղերից ընտրել գրականությունը:
- Արվեստը կամ մեկ այլ բան մենք չենք ընտրում: Մեզ համար ընտրվում է Աստծո, Հիսուս Քրիստոսի կողմից: Եթե մենք Հիսուս Քրիստոսի կատարյալ կամքը կատարելապես կատարում ենք, մենք այդ ընտրվածը ընտրում ենք, հասկանում ենք մեր ընտրությունը, որն ուղորդվում է Աստծո կողմից: Գրականությունն արվեստի ճյուղերից ամենաբարձրն է ինձ համար, քանի որ այն ներառում է իր մեջ ամեն ինչ:
- Ի՞նչ է Ձեզ համար արվեստը:
- Արվեստը հին կյանքի մեջ նոր կյանքի ձևն է, անշոշափելի զգացումը շոշափելի դարձնող, վեհ շնորհ և նվեր, զգացական աշխարհը բացատրելու կատարյալ ունակություն, անհասկանալին հասկանալի վերածող:
- Ե՞րբ եք գրել Ձեր առաջին բանաստեղծությունը:
- Առաջին բանաստեղծությունս գրել եմ, երբ Հիսուսից գրելու շնորհն եմ ստացել:
- Ի՞նչ եք ավելի շատ սիրում՝ արձակ, թե պոեզիա:
- Պոեզիա, որովհետև արձակը պոեզիայի մեջ է: Պոեզիայում ավելի խորը միտք կա: Պոեզիան ավելի ազատ է, հանդես է գալիս միշտ նորարարությամբ:
- Ո՞վ է Ձեր սիրելի գրողը:
- Պարույր Սևակը: Մարդը միշտ փոփոխական է: Միգուցե որոշ ժամանակ անց մեկ այլ գրող նշեմ: Տվյալ հոգեվիճակիս համահունչ է Սևակը:
- Ո՞վ է Ձեր սիրելի կոմպոզիտորը:
- Այն մարդը, ով զգացումներս ցնցում է: Եթե օրինակ տխուր ես, երաժշտություն լսելիս, ուրախանում ես, ուրեմն տվյալ երաժշտությունը ցնցում է քեզ: Ես, բանաստեղծություն գրելիս, շատ եմ լսում երաժշտություն:
Այն օգնում է ինձ ավելի զգացական գրել: Երաժշտությունն ինձ համար, բանաստեղծի համար, ստեղծագործող թթվածին է: Իմ սիրելի կոմպոզիտորը Տիգրան Մանսուրյանն Է: Երբ լսում ես Տ. Մանսուրյանի ստեղծագործությունները, Հայաստանն ես հիշում: Օրինակ, երբ լսում ես Ռուբեն Հախվերդյանին, հիշում ես Երևանը, նա կարծես Երևանի հոմանիշ լինի: Իսկ Տ. Մանսուրյանի երաժշտության շնորհիվ կարող ես մտովի վերապրել այն ժամանակահատվածը, որը չես ապրել: Շատ շնորհակալ եմ Տ. Մանսուրյանին իր ստեղծած աշխարհի համար:
- Կարո՞ղ եք պատկերացնել Ձեր կյանքն առանց երաժշտության:
- Պատկերացնում եմ, բայց տխուր և տխրության չափ անհույս:
- Ծանոթանալով Ձեր «Արգելված չէ խենթանալ» ժողովածուին՝ պարզ դարձավ, որ Դուք հիմնականում գրում եք կյանքի երևույթների, մարդկային զգացմունքների, հույզերի, ապրումների մասին: Սարսափում եք երբեմն, բայց չեք վախենում: Ինչպե՞ս կարելի է հաղթահարել վախը:
- Չկա այնպիսի մարդ, ով սարսափած չլինի իր կյանքում: Ի տարբերություն հավատացյալ և անհավատ մարդու՝ այս հարցը կարելի է դիտարկել հետևյալ կերպ: Վախը տրված է մեզ որպես շնորհ, որպեսզի մենք քիչ մեղք գործենք, քիչ վիրավորենք: Վախը մի զգացում է, որն օգնում է մեզ մաքրվել: Եթե վախի զգացումը չլիներ, աշխարհի վերջը շատ շուտ կլիներ: Նույնիսկ ամենաչար մարդու մեջ կա մի բան, որը ցնցում է իրեն, միգուցե Աստծուց չէ, միևնույն է վախենում է:
- Արվեստի մարդիկ տարբերվում են իրենց մտածելակերպով, ապրելաձևով: Հայտնի է, որ գրականության շատ գործեր ծնվել են գրողի կյանքի դժվար ժամանակահատվածում: Նման դեպքերում գրված բանաստեղծություններն օգնում են մարդկանց հաղթահարել կյանքի դժվարությունները, չխենթանալ, երբ խենթության եզրին են, ապրել, երբ հուսալքված են: Բանաստեղծը պե՞տք է լինի խենթ:
- Մարդ արարածն իր էությամբ արդեն իսկ խենթ է: Խենթացնող կյանքի մեջ չես կարող լինել ոչ խենթ: Ես խենթության չափ խենթ եմ: Ազատությունը միայն խոսելով չէ, այլ գործադրելով: Խենթությունը՝ մաքուր ազատության, ազատ մաքրության անչափ չափանիշ և խորհրդավոր խորհրդանիշ է:
- Ձեր ստեղծագործություններն արտահայտում են ապրելու, ներելու, ստեղծագործելու, պայքարելու Ձեր ուժը: Ո՞րն է այդ ուժի աղբյուրը:
- Անշուշտ Հիսուս Քրիստոսը: Եթե Աստված քեզ հետ չէ, չես կարող պայքարել: Մարդն երբեք չի կարող ներել և ներվել: Ես փորձում եմ հնարավորինս մարդ մնալ: Առանց Աստծո չես կարող մարդ մնալ: Բանաստեղծություն գրելիս՝ փորձում եմ սավառնել, որոշ ժամանակով առանձնանալ երբեմն այս անխելք աշխարհից:
- Հավատքն իր բոլոր դրսևորումներով ինչպիսի՞ դեր է խաղում Ձեր կյանքում, ստեղծագործական աշխարհում:
- Հավատքն ինձ օգնում է ողջ մնալ և ստեղծագործել: Ինչպես ծովն ունի շատ գաղտնիքներ, այնպես էլ իմ բանաստեղծություններում կա թաքնված խորություն:
- Հոգևոր ներդաշնակության Ձեր բանաձևը՞:
- Ներդաշնակության բանաձևն անկեղծությունն է: Եթե մարդն իր զգացումներին հակառակ բան է անում, արդեն իսկ չի կարող ներդաշնակ լինել: Պետք է անկեղծ լինել, անկեղծ ապրել, անկեղծ լինել առաջնահերթ Աստծո հետ:
- Երջանկության բանալին քանի՞ դուռ կարող է բացել:
- Երջանկությունը բանալի չունի: Երջանկությունն ինքն է բանալին երջանկության: Կան երջանկության ակնթարթներ:
- Ո՞րն է ավելի վեհ զգացմունք սիրելը, թե սիրվելը:
- Հավասար են: Եթե մարդը հպարտ և մեծամիտ է, նրա համար միգուցե ավելի վեհ զգացմունք է միայն սիրվելը: Երբ մարդը սիրված է, իհարկե երջանիկ է: Սիրված լինելը պարգևում է ուրախություն, սակայն նաև պարտավորեցնում է, չէ որ դա մեծ պատասխանատվություն է: Մենք Աստծո սիրո արդյունք ենք:
- Եղանակը միշտ է համապատասխանու՞մ Ձեր հոգեվիճակին:
- Ես չեմ սիրում արևային օրեր: Ինձ համար արևոտ օրերն անձրևային օրերն են: Ես նաև ոսկերչությամբ եմ զբաղվում: Հետաքրքիր է, բայց ինչ-որ ոսկերչական զարդ ստեղծելիս՝ ես ոգեշնչվում եմ հատկապես անձրևոտ օրերից:
- Արև, թե լուսին, գիշեր, թե ցերեկ, ո՞րն է ավելի ոգեշնչում:
- Հիսուսի ողորմությունը: Արևը, ինչպես նաև լուսինն Աստված է ստեղծել: Ես ավելի շատ ոգեշնչվում եմ Աստծո հետ հոգևոր կապից: Խոսելու իմաստությունն Աստված է ինձ տալիս:
- Դուք մասնագիտությամբ նաև ոսկերիչ եք: Ո՞րն է Ձեր սիրելի մետաղը՝ ոսկին, որը նման է արևին, թե արծաթը, որը կարծես լուսին լինի, թե կա մեկ այլ սիրելի նյութ, որը վերածում եք արվեստի:
- Ես սիրում եմ աշխատել մետաղի տարբեր տեսակների հետ, սակայն չեմ սիրում մետաղ: Ես երբեք չեմ ձգտել կրել ոսկե իրեր: Երբեմն ինձ համար արծաթե զարդեր եմ ստեղծում: Հարցազրույցներիցս մեկում ասել եմ՝ ոսկերչությունը համբերության արվեստն է: Այն շատ խորն արվեստ է, սակայն իր խորությամբ չի կարող հասնել գրականությանը: Մեծն Գրիգոր Նարեկացին, Գրիգոր Լուսավորիչն իրենց միտքը փոխանցել են մեզ բառի օգնությամբ: Ինչպես նշված է Աստվածաշնչում. «Սկզբից էր Բանը, եւ Բանը Աստծու մօտ էր, եւ Բանը Աստուած էր»:
- Ինչպիսի՞ սիմվոլիկա, գույներ եք կիրառում Ձեր ոսկերչական գործերում:
- 18 տարի ոսկերիչ եմ աշխատել: Մեր աշխատանքում միշտ օգտագործել ենք տարբեր սիմվոլիկա, ձգտել բացահայտել նորը: Որտեղ էլ որ աշխատել եմ, իմ գործատուներին չեմ դիմել «վարպետ բառով, քանի որ ինձ համար մեկ վարպետ կա՝ Հիսուս Քրիստոսը: Ինձ հասկացել են, ընդունել իմ անկեղծությունը:
- Ինչպիսի՞ գույներով կներկեիք աշխարհը:
- Ուրախ և ապահով, ամեն հավիտենության գույնով:
- Ինչպիսի՞ գույն ունի թախիծը կամ տխրությունը:
- Տխրության գույնը մարդու խղճի կամ մեղքի գույն է:
- Ինչպե՞ս եք հաղթահարում տխրությունը:
- Նոր, հուսադրող,հաղթող և չպարտվող տխրությամբ:
- Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի ապագան:
- Հայաստանը այնքան լուսեղեն է: Եթե հայերը Հայաստանը հասկանան, Հայաստանը միշտ Հայաստան է մնալու: … Հայաստանն ինքնին ապագա է… “ժամանակավոր ժամանակով”:
- Հնարավո՞ր է, որ վերադառնաք Ձեր պատմական հայրենիքը: Չեք կարոտու՞մ Հայաստանը:
- Ես, ապրելով Լիբանանում, միևնույն է Հայաստանում եմ: Ես ապրում, ստեղծագործում եմ Հայաստանի համար: Միայն Հայաստանը գիտի՝ ինչքան և ինչպես կսիրեմ Հայաստանը և Հայաստանի արարիչը՝ Հիսուս Քրիստոսը:
- Արվեստը ճանաչու՞մ է ազգություն:
- Արվեստի ազգությունը մեր մշտական զգացումն է: Աստվածը, մեզ շնորհ պարգևելով, բացատրում է արվեստը:
- Կյանքի կարևոր ընտրություն անելիս՝ ենթարկվում եք Ձեր գիտակցությանը՞, թե հետևում սրտի՞ թելադրանքին:
- Մարդը միշտ սխալ ընտրություն է անում, քանի որ մարդը միշտ փոփոխական է:
- ՄԱՐԴ մնալու Ձեր գաղտնիքը՞:
- ՄԱՐԴ մնալու գաղտնիքը մարդկությանը հասկանալն է: Մարդ ծնվելը հեշտ է ոչ մեր մայրերի, այլ մեզ համար, ՄԱՐԴ մնալը դժվար է: