02/08/2017 18:35
«Ժամանակի ստվերները». Հետահայաց ցուցադրությամբ կներկայացվի Գագիկ Հարությունյանի լուսանկարչական արվեստը
Հայաստանի նկարիչների միությունում օգոստոսի 25-ին կբացվի խորհրդահայ հայտնի լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի առաջին հետահայաց ցուցահանդեսը, որը կկրի «Ժամանակի ստվերները» խորագիրը:
«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության և «Լուսադարան» հայ լուսանկարչության հիմնադրամի կողմից ներկայացվող լայնածավալ ցուցահանդեսը լույս կսփռի 20-րդ դարի վերջի խորհրդային լուսանկարչության անտեսված ժառանգության վրա և կներկայացնի Գագիկ Հարությունյանի լուսանկարչական արվեստը 1970-1995 թթ-ին:
Ցուցահանդեսի համադրողը Վիգեն Գալստյանն է, նախագծի ղեկավարը` Սոնա Հարությունյանը:
Դրա բացման արարողության օրակարգում ընդգրկված է նաև Գերմանիայի Հալլե քաղաքում հրատարակված երկլեզու պատկերագրքի շնորհանդեսը, որն ընդգրկում է Գագիկ Հարությունյանի ողջ ստեղծագործական ուղին պատկերող 183 աշխատանք, որոնց մեծ մասը ներկայացվում է հանրությանն առաջին անգամ:
Դեռևս 1970-ականների սկզբին Գագիկ Հարությունյանի լուսանկարները տարիներ շարունակ հրապարակվել են տեղական և համամիութենական պարբերական մամուլում: Նա միակ խորհրդահայ լուսանկարիչն է, որը պատկերել է Աֆրիկան և յուրատիպ շարքերով անդրադարձել Լատվիային, Էստոնիային, Ֆրանսիային, Բելգիային, Ավստրիային և այլ երկրների:
Այնուամենայնիվ, Գագիկ Հարությունյանի հիմնային նպատակն էր ստեղծել Հայաստանի կերպարանափոխվող հասարակության իրապես վերլուծական դիմանկարը, որը նա հետևողականորեն կառուցել է՝ գործածելով հետազոտական պատկերաշարերի նորարական ձեւաչափը:
1990-ականների վերջերին խորը հիասթափություն վերապրած արվեստագետը ոչնչացրել է իր տպված լուսանկարների գրեթե ամբողջ հավաքածուն: Պահպանված սևապատկերներից շուրջ երկու հարյուրը վերականգնվել ու տպվել են այս նախագծի իրականացման համար անհրաժեշտ վեց տարիների ընթացքում:
Եվ այսպես, Գագիկ Հարությունյանի առաջին հետահայաց ցուցահանդեսում մեկտեղված լուսանկարները ընդգծում են Հարությունյանի տեսլականի զարգացումը` 1970-ականների Հայաստանի բանաստեղծական պատկերավորումներից մինչև բարդ փիլիսոփայական հարցադրումներով հագեցած նրա վերջին պատկերաշարքերը:
«Ժամանակի ստվերները» բազմանկյուն ցուցահանդեսը նորովի է բացահայտում Գագիկ Հարությունյանի լուսանկարչական ստեղծագործության լայնամասշտաբ համայնապատկերը և հաստատում դրա առանցքային կարևորությունն արդի ու ժամանակակից հայ արվեստի պատմության համար:
Նախագիծն իրականացնում է «Մշակույթի և կառավարման լաբորատորիան» «Հարավային Կովկասի տարածաշրջանային արվեստ և մշակույթ» նախագծի շրջանակներում՝ Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի ֆինանսական աջակցությամբ (SCO):
Պատկերագրքի հովանավորողներ են դոկտոր Գիզելա և դոկտոր Ռայներ Ֆրիթչերը: