02/08/2017 18:28
Հավատում ենք, որ մի օր էլ մենք մեզ կշնորհավորենք քո վերադարձի կապակցությամբ. շնորհավորանքներ Յուրա Մովսիսյանին
Aysor.am-ն այսօր հայտնել է, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը նշում է ծննդյան տարեդարձը։
Այն, որ Յուրա Մովսիսյանն այլևս մեր ազգային հավաքականում չէ, դեռ չի նշանակում, որ նա մոռացվել է։ Երկրպագուները սիրով շնորհավորական մաղթանքներ են հղել Մովսիսյանին ու վերհիշել նրա մասնակցությամբ հաղթական պահերը մեր ազգային հավաքականում։
Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանն, օրինակ, Յուրա Մովսիսյանի ամենահավատարիմ երկրպագուներից է:
Նա հիշում է հայ հարձակվողի մասնակցությամբ յուրաքանչյուր դրվագ ու գոլ։
Aysor.am-ի խնդրանքով Ֆարմանյանը շնորհավորական ուղերձ է հղել Յուրա Մովսիսյանին։
«Յուրային մաղթում եմ քաջ առողջություն, նոր հաջողություններ ֆուտբոլում և անձնական կյանքում: Յուրան մեծ ծառայություններ է մատուցել հայկական ֆուտբոլին և վաստակել գլխավորը՝ նա երկրպագուների սրտում է: Հուսամ, Յուրան իր բնավորությամբ, նպատակասլացությամբ ու նվիրվածությամբ դեռ խոսք ունի ասելու մեր հավաքականում, ուրախացնելու մեր երկպագուներին: Յուրան իմ մտքում այն ֆուտբոլիստն է, ով հինգ տարի առաջ Իռլանդիայի դեմ արտագնա ճակատագրական խաղում, իր փոխանցումով Մխիթարյանի կողմից հաշվի տարբերությունը կրճատելուց հետո, այնպիսի արագությամբ գնաց ցանցից գնդակը հանելու, որ անգամ մեկ ավել վայրկյան չկորեր: Այդ մեկ վայրկյանանոց դրվագն ամեն ինչ ասում է Յուրայի բնավորության ու որակների մասին»,- նշում է Սամվել Ֆարմանյանը։
Յուրա Մովսիսյանի երկրպագու է նաև փաստաբան Երվանդ Վարոսյանը, որը երբեք անտարբեր չի անցնում Յուրա Մովսիսյանի մասին լուրերի կողքով։
«Մեր սիրելի Յուրա, շնորհավորում եմ տարեդարձիդ կապակցությամբ։ Մաղթում եմ նորանոր հաջողություններ, առաջընթաց մարզական կարիերայում։ Յուրա ջան, մենք չենք մոռացել այն էներգիան ու ոգին, որ դու բերեցիր մեր ազգային հավաքական։ Հույս ունենք՝ մեկ օր կրկին մեր հավաքականի խաղը դիտելիս զգալ այդ էներգիան։ Դժվար օրերը հավերժ չեն, հավատում եմ, որ մի օր էլ մենք մեզ կշնորհավորենք քո վերադարձի կապակցությամբ»,- Մովսիսյանին այսպես է շնորհավորել Երվանդ Վարոսյանը։
Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուական՝ «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժման համահիմնադիրներից Սերգեյ Ջանջոյանը ողջ ՖԱՖ-ի անունց շնորհավորել է Յուրա Մովսիսյանին։
«Շնորհավորում ենք Յուրմինատորին, քաջ առողջություն, մարզական բախտ, ամուր կամք մաղթում։ Հույս ենք հայտնում, որ հավաքականի հաջողություններով, նրա ելույթներով ուրախանալու օրեր դեռ ունենալու ենք»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ջանջոյանը։
Մովսիսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև նրա եղբայրը՝ երևանյան «Արցախ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Արթուր Սահակյանը։
«Յուր ջան, շնորհավորում եմ, քո ծնունդը։ Մաղթում եմ քեզ քաջ առողջություն, երկար կյանք, ընտանիքիդ գլխից անպակաս լինես, միշտ ոտքերիդ վրա այդպես ամուր կանգնած մնաս ու շարունակես ընտանիքիդ ու մեր ամբողջ ազգին քո գոլերով ուրախացնես»,-Aysor.am-ի հետ զրույցում եղբորը շնորհավորել է Արթուր Սահակյանը։
Սիրելի ֆուտբոլիստին շնորհավորել է նաև Յուրա Մովսիսյանի ամենահավատարիմ երկրպագուներից Աննա Գևորգյանը։
«Չեմ ուզի սկսել ու ավարտել կարիերայի ընթացքով, որովհետև, վստահ եմ, նրան բոլորը գիտեն, բոլորն են սիրում ու բոլորն էին ու են վստահում: Մարդկային որակների մասին, թերևս, սխալ է խոսելը, բայց, ա՜խ, որպես ֆուտբոլիստ...մեծագույն ֆուտբոլիստներից մեկը, ում երբևէ ունեցել ենք հավաքականում: Այն ֆուտբոլիստներից, ում մասին հանգիստ խղճով, առանց վայրկյան մտածելու, կարող ենք ասել՝ պաշտպանում էր հավաքականի գույները: Իհարկե, որպես ազգային հավաքականի երկրպագու, իրոք, ցավ եմ ապրում, որ նա իր ամենաորակներով այլևս մեր թիմի կողքին չէ, բայց, ինչ արած… Շնորհավորանքներս եմ հղում ու, որպես անձամբ Յուրայի երկրպագու, մաղթում եմ նոր ու այնպիսի հաջողություններ դաշտում, որ Եվրոպան ևս անգամ վերապրի 2010 թվի ձմեռային տրանսֆերային պատուհանը։ Իսկ որպես հավաքականի անդամ՝ անհամբեր սպասում ենք վերադարձիդ: Մենք քեզ սիրում ենք: Շնորհավո՜ր»,- այսպես է սիրելի ֆուտբոլիստին շնորհավորել Աննան։