03/08/2017 15:00
Արտաքին տնտեսական բաղադրիչը կուժեղացվի. ԱԳՆ-ի միջոցով այն կունենա իր որոշակի արդյունքը. Գարեգին Մելքոնյան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքանյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կառավարության ընդունած արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի զարգացման նպատակով երկրների թիրախավորման տնտեսական չափանիշները, թիրախային երկրների ցանկը սահմանելու և օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների տնտեսական գործունեության կատարողականի գնահատման չափանիշները հաստատելու մասին որոշման նախագծին:
Նա նշեց, որ նախագծով մի քանի փաստաթուղթ է հաստատվում:
«Առաջին հերթին, հաստատվում է երկրների ցանկը, հաստատվում են նաև չափորոշիչներ՝ հետագայում աշխատանքներ իրականացնելու և դեսպանությունների առջև խնդիր դնելու տեսանկյունից: Ներկայացվում է նաև, թե ինչ մոտեցումների հիման վրա պետք է երկրները թիրախավորվեն: Հիմնավորվող փաստաթղթերում նաև հստակ նշվել է, որ սա վերջին շրջանում առաջին անգամ է, որ արտաքին հարաբերությունների զարգացման ընդհանուր կոնտեքստում տնտեսական բաղադրիչի վրա նման շեշտադրում է իրականացվում», - ասաց փոխնախարարը։
Նրա խոսքով՝ ինչ-որ առումով այս հաստատումը նաև պիլոտային ծրագիր է համարվում և հիմնավորող փաստաթղթերում հստակ նշվում է, որ սա հետագայում ենթակա է զարգացման՝ ոչ միայն համակարգի հետագա գործունեության չափանիշերի գնահատման առումով, այլ նաև երկրների վերանայման առումով:
«Աշխատանքային խմբի շրջանակներում այս գործըթնացը իրականացվում է ՀՀ նախագահի՝ արտաքին տնտեսական բաղադրիչի ուժեղացման հրամանով: Մենք մանրամասն քննարկել ենք, հատկապես, թիրախային երկրների ցանկը ֆիքսելու հնարավոր ճանապարհները: Ֆորմուլա է ձևավորվել միայն առավել թիրախայինների ցանկի առումով և հաշվի է առնվում տվյալ երկրում դեսպանության կարողությունները, այդ երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունները, համայնքի առկայությունը և այլ բաղադրիչներ», - ասաց նա՝ ընդգծելով, որ երկրների ընտրությունը պայմանավորված է ԵԱՏՄ-ով և այս ցանկը համալրվելու է:
Ինչ վերաբերում է դեսպանների աշխատանքին, ապա Մելքոնյանը նշեց, որ հինգ տասնյակից ավելի դիվանագիտական ներկայացուցչություններ կան աշխարհի ամենատարբեր երկրներում:
«Ցավոք, ոչ բոլոր դեսպանություններում է, որտեղ դիվանագետների հաստիքակազմը տնտեսական առևտրային հարցերով զբաղվելու հնարավորություն է տալիս: Տեղում տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար պետք է դիվանագետն ունենա փորձառություն, տնտեսության մասին տեղեկատվություն, տեղյակ լինի երկրի տնտեսական առաջնահերթություններից: Տարիներ առաջ հատուկ կարևոր նշանակություն ունեցող երկրներում ստեղծվեցին առևտրական ներկայացուցչություններ», - ասաց նա և նշեց,որ տնտեսական բաղադրիչը կուժեղացվի:
«Յուրաքանչյուր դեսպանություն պետք է իմանա իր խնդիրը, հաշվետվողականության համար պետք է մոտեցումներ ձևակերպվեն, թե ինչ կրիտերիաներով պետք է դեսպանության աշխատանքը տարեկան կտրվածքով գնահատվի: Փաթեթով առաջին անգամ հստակ սահմանում ենք, ԱԳՆ-իմիջոցով այն կունենա իր որոշակի արդյունքը», - ասաց նա: