03/08/2017 14:25
Ինչո՞ւ ոչ, ես լիահույս եմ և լավատես. փոխնախարարը՝ 3,2 տոկոս տնտեսական աճը գերազանցելու մասին
Արդյունաբերական արտադրանքի մասով երկնիշ աճ է գրանցվել, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով այս տարվա առաջին կիսամյակի տնտեսական ցուցանիշներին՝ ասաց ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը։
«Ցանկացած չափի աճ ունենալու պարագայում մենք կարող ենք ավելիին ձգտել: Պետք է ձգտել, քանի որ տնտեսական, առևտրային, ներդրումային ու այլ բնույթի հարցերում էական դրական, շարունակական դինամիկա ունենալու համար ներկա պատկերը կարող է հիմք տալ ավելին ունենալու», - ասաց նա:
Փոխնախարարը նշեց, որ առաջին վեց ամսվա արդյունքները դրական են և տնտեսական ակտիվության աճ կա:
«Երբ Ազգային վիճակագրական ծառայությունը ՀՆԱ-ի աճը ամփոփի, այս ժամանակահատվածի համար դրական ցուցանիշեր կունենանք, սակայն դա չի նշանակում, որ պետք է բավարարվել: Բոլոր ծրագրերը, միջազգային հարաբերություններում տնտեսական բաղադրիչի ակտիվացումը, ներդրումային ծրագրերը, համապատասխան գործիքների կատարելագործումներն ուղղված են ցուցանիշները պահպանելուն և ավելացնելուն», - ասաց նա:
Ինչ վերաբերում է բյուջեով նախատեսված 2017 թվականի համար 3,2 տոկոս տնտեսական աճը գերազանցելուն, փոխնախարարը արձագանքեց. «Ինչո՞ւ ոչ: Տարվա համեմատաբար ակտիվ շրջանը առջևում է, բոլորս էլ գիտենք, որ տնտեսական ակտիվ շրջանը համարվում է երկրորդ կեսը: Ես լիահույս եմ և լավատես եմ»։