03/08/2017 14:08
ԱԳՆ-ի մշակած նախագիծը կնպաստի ՀՀ կառավարության ծրագրի իրականացմանը
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացրեց որոշման նախագիծ՝ նշելով, որ, ըստ վարչապետի, փետրվարի 9-ի հանձնարարականի, ձևավորվել է միրջգերատեսչական աշխատանքային խումբ։
«Խումբը ներկայացրել է առաջարկություններ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից իրականացվելիք տնտեսական բնույթի աշխատանքների թիրախների հայտանիշների վերաբերյալ»,- ասաց Շավարշ Քոչարյանը։
Նա նշեց, որ մշակվել է ներկայացվող նախագիծը, որի ընդունման արդյունքում կբարձրացվի արտաքին տնտեսական քաղաքականության արդյունավետություւնը, կընդլայնվի դեսպանատների և դիվանագիտական ներկայացուցչությունների ներգրավվածությունը ներդրումների ներգրավման, արտահանման զարգացման և զբոսաշրջության խթանման գործընթացում, ինչը կնպաստի ՀՀ կառավարության ծրագրի իրականացմանը։
Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ նշեց, որ այս նախագծի վերաբերյալ երկու խոսք ունի ասելու։
«Մենք պայմանավորվել ենք, որ տնտեսական բաղադրիչը մեր դեսպանների, դիվանագիտական կորպուսի հաշվետվության մեջ ներգրավում ենք, պայմանավորվել ենք, որ հայտանիշներ ենք ձևավորում ըստ մեր հետաքրքրություններից ու կապերից կախված ռանգավորման կամ բաժանման»,- ասաց վարչապետը։
Նա նշեց՝ համոզված են, որ հայտանիշները դիվանագիտական կորպուսին հայտնի են.
«Տարվա վերջ լսելու ենք բոլոր հաշվետվությունները»,- ասաց Կարեն Կարապետյանը։