04/08/2017 09:41
Օսկանյանի որդու դեմ հարուցված քրգործը դոփում է տեղում. «Ժողովուրդ»
Շուրջ 6 ամիս է անցել Հայաստանի նախկին արտգործնախարար «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի հետ տեղի ունեցած աղմկալի դեպքից, սակայն հարուցված քրեական գործը դոփում է տեղում:
Թերթը հիշեցրել է, որ ԱԺ ընտրությունների քարոզարշավի թեժ փուլում՝ փետրվարի 17-ին, Նժդեհ Բերբերյանը դիմել էր իրավապահներին և հայտնել, որ իր ընկեր Հակոբ Սիրադարյանը և նրա հորաքրոջ որդին` Արա Օսկանյանը, առևանգել են իրեն, իր կամքին հակառակ պահել ավտոմեքենայի մեջ և պահանջել վերադարձնել պարտքը՝ հնչեցնելով սպառնալիքներ: Հարուցվեց քրեական գործ, Արա Օսկանյանին ու Հակոբ Սիրադարյանին առաջադրվեց մեղադրանք, իսկ խափանման միջոց ընտրվեց ստորագրություն՝ չհեռանալու մասին:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արա Օսկանյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը հայտնել է. «Տևական ժամանակ է, ինչ իմ պաշտպանյալի հետ գործողություններ չեն կատարվում, պարզապես տեղյակ եմ, որ այս օրերին հարցաքննության են կանչում այն անձանց, որոնց հետ դեպքի օրը զանգահարել և խոսել է իմ պաշտպանյալը՝ Արա Օսկանյանը: Ինչևէ, ենթադրում եմ, որ մոտակա ժամանակներս գործի վարույթը կկարճվի»: