04/08/2017 18:33
Հանդես կգամ այնպիսի կերպարով, որը ոչ-ոք չի սպասում.Գոռ Եփրեմյանը՝ նոր ֆիլմի և տեսահոլովակների մասին
Վարջին տարիներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող երգիչ Գոռ Եփրեմյանի համար 2017 թվականը բուռն ստեղծագործական տարի է: Միայն այս տարվա ընթացքում երգիչը 5 երգ է պատրաստել, որոնք շուտով հանդիսատեսին կներկայացնի: Խոստանում է՝ ոճային փոփոխությամբ է հանդես գալու:
«Նոր երգերս տարբեր ոճերում են, կարծում եմ, հադիսատեսին դուր կգան: Բոլոր հինգ նոր երգերի ստեղծման համար տարբեր երաժիշտների հետ եմ համագործակցել ու հուսով եմ` կսիրվեն: Երգերից մեկի՝ «Սիրեցի քեզ»-ի երաժշտությունը Ռիչարդ Մադլենյանն է գրել, խոսքերը՝ Գրիգոր Կյոկչյանը: Գործիքավորել է Էդգար Ալեքսանյանը»,- Aysor.am-ի հետ զրույցում նշեց Գ. Եփրեմյանը:
Ի դեպ, վերոնշյալ երգը ինքնատիպ պատվեր-նվեր է փեսայից՝ հարսին: Երգի անունն էլ վստահվել է երգչի եղբորը:
«Հարսանիքին երգելու պատվեր ունեի: Փեսան ուզում էր հարսին անակնկալ անել երգի տեսքով ու ցանկացել էր, որ հենց ես կատարեմ՝ երգի ընտությունը վստահելով ինձ: Պատասխանատվությունը մեծ էր: Պետք էր ընտրել այնպիսի երգ, որը կսիրվի ու խորհդանշական կլինի այդ զույգի համար: Չէ՞ որ այն դառնալու էր նրանց սիրո երգը: Ու երբ արդեն պատրաստ էր, եղբայրս որոշեց դրան տալ «Սիրեցի քեզ» անունը»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
Այսօր արդիական են դարձել հարսանյաց, կնունքի, ծնունդի մասին երգեր գրելը: Հարցին՝ դա հասարակության պահա՞նջն է, թե՞ գումար աշխատելու լավագույն միջոց է դարձել, պատասխանեց.
«Գիտեք, այսօր հարսանիքը, կնունքն ու ծնունդը վերածվել են փոքր համերգների: Բնական է, որ նման երգերը կոմերցիոն բնույթ են կրում: Միայն այս տարի ես արդեն երկու հարսանիքի երգ եմ երգել, որը փեսան նվիրել է հարսին: Մի հետաքրքիր տենդենց է սկսվել՝ փեսաներն առաջարկություն են անում երգի միջոցով»:
Հայաստանում երգիչներից շատերն արդեն վաղուց հրաժարվել են տեսահոլովակներ նկարահանելուց: Ոմանք այդ հանգամանքն արդարացնում են նրանով, թե տեսահոլովակն արդեն վաղուց արդիականությունը կորցրել է, ոմանք էլ մատնանշում են ահռելի թվերը, որոնք որպես հաշիվ նրանց են ներկայացնում ռեժիսորները: Գոռ Եփրեմյանը Հայաստանից 4 տարի առաջ է մեկնել. նկատում է՝ Միացյալ Նահանգներում տեսահոլովակ նկարահնելը մի քանի անգամ թանկ է հայաստանյան գներից:
«Չորս տարին երկար ժամանակահատված է: Հիմա ամեն ինչ շատ արագ է զարգանում: Մարդկանց պահանջներն ու ճաշակն է փոխվել, բայց լավ, իմաստ ունեցող ու վառ գույներով տեսահոլովակը միշտ էլ նայվում է: Ինչ վերաբերում է տեսահոլովակի գնին, ինչ խոսք, այստեղ ու այդտեղ համեմատելու չէ: Բայց եթե դա է քո աշխատանքը, դու ստեղծագործում ես, ապա չպետք է ոչ մի բանի առաջ կանգ առնես»,- նշեց նա:
Գոռին հեռուստադիտողը հանդիպեց նաև սերիալի շրջանակներում: Երգիչը սերիալներից մեկում գլխավոր հերոսին էր մարմնավորում: Խոստովանում է՝ առաջարկներ այսօր էլ ունի, բայց որոշել է մի փոքր դադար վերցնել:
«Առաջարկներ միշտ եմ ունեցել, բայց երբ մեկ տարի շարունակ հեռուստաէկրանին ես, դադար է պետք: Հեռուստադիտողը պիտի հասցնի քեզ կարոտել: Եվ հետո, ես ամեն սերիալում չի, որ կնկարահանվեմ: Մինչև չիմանամ կերպարս, զարգացումը, չկարդամ սցենարն ամբողջովին` չեմ համաձայնվի: Ու հենց դա էր պատճառը, որ որոշ ժամանակ դադար վերցրեցի: Սակայն երկար սպասեցնել չեմ տա, չեմ ուզում փակագծերը բացել, բայց շատ շուտով կլինի նոր հեռուստասերիալ, որտեղ ես հանդես կգամ այնպիսի կերպարով, որը ոչ-ոք չի սպասում»,- խոստացավ երգիչը:
Դիտարկմանը՝ դժվար չէ՞ երգչին հանդես գալ դերասանի կարգավիճակում, ու որո՞նք են հիմնական բարդությունները, մեր զրուցակիցը նկատեց՝ կինոնկարահանման հրապարակն իր համար բոլորովին էլ օտար չէ:
«Նախ, ես Աբել Աբելյանի դերասանական ստուդիան եմ ավարտել: Ճիշտ է, այն ժամանակ չէի մտածում, որ մի օր այն ինձ համար կդառնա մասնագիտություն: Ուղղակի գտնում էի, որ երգչի համար կարևոր է ունենալ նաև դերասանական կրթություն: Եվ հետո, եթե մի բանը սիրով ես անում, ապա երբեք էլ դժվար չի լինում: Այն, ինչը կապված է երգի, կինոյի հետ, ինձ համար հաճույք է»,- ընդգծեց Գոռը:
Երգիչ-դերասանը խոստովանեց՝ մեծ ցանկություն ունի հանդես գալ հումորային նախագծում, խաղարկային ֆիլմերում: Չի սիրում, երբ անընդհատ նույնանման կերպարներ են առաջարկում: Վստահ է՝ և՛ դու ես դրանցից հոգնում, և՛ հանդիսատեսին հոգնեցնում.
«Բոլորովին կապ չունի՝ բացասակա՞ն, թե՞ դրական հերոսի կմարմնավորեմ, կարևորը՝ կերպարս ասելիք ունենա ու ես նրա քայլերի մեջ տրամաբանություն տեսնեմ: Եվ որ ամենակարևորն է՝ սիրեմ հերոսիս: Եթե չսիրեցի` չեմ նկարահանվի»:
Վերջին անգամ երկու տարի առաջ է Հայաստան այցելել: Հետաքրքրվեցինք առաջիկա այցի և ընտանիք կազմելու նպատակների մասին: Պարզվեց՝ ի տարբերություն գործնականի, անձնական կյանքում որևէ փոփոխություն չունի:
«Շատ եմ կարոտել Հայաստանը, ընկերներիս, ծնողներիս: Նախատեսում եմ նոյեմբեր ամսին Հայաստան գալ, տեսնենք՝ ինչպես կստացվի: Ինչ վերաբերում է անձնական կյանքիս, ապա իմ սիրտն ազատ է, ու ես դեռ սպասում եմ նրան: Ես ընտանիքին շատ լուրջ եմ վերաբերվում, մինչ այդ շատ անելիքներ ունեմ: Չգիտեմ՝ ինչպես կստացվի, բայց իմ ծրագրերում առաջիկա չորս տարիներին այդ առումով փոփոխություն չի լինի»,- ժպիտով տեղեկացրեց մեր զրուցակիցը:
Մի բան միայն հստակ է՝ անկախ նրանից, թե որտեղ կապրի, իր կինը, միանշանակ, հայուհի է լինելու:
«Ես ոչ մի ազգի դեմ ոչինչ չունեմ, բայց հայուհիներն ուրիշ հմայք ունեն»,- Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Գոռ Եփրեմյանը: