05/08/2017 10:39
Սա ուղղված է խաղաղություն կառուցելուն. Կոնգրեսական Վալադոն կարևորել է Արցախում ականազերծման աշխատանքների շարունակականությունը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Դեյվիդ Վալադոն կարևորել է Արցախի Հանրապետությունում ականազերծման աշխատանքների շարունակականությունը:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից տեղեկացնում են, որ այս մասին Վալադոն ասել է հանձնախմբի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ:
«Կարևորում եմ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի հետ գործընկերությունն այս կարևորագույն նախաձեռնության շուրջ, որն ուղղված է կյանքեր փրկելուն, խաղաղություն կառուցելուն»,- ասել է կոնգրեսականը։
Նա ընդգծել, է, որ ականազերծումը տնտեսական հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող ընտանիքների համար, ովքեր այժմ կարող են ականների հետ կապված սպառնալիքներից վախեր չունենալ։
«Այս գործունեությունը երկարաժամկետ առումով պայմաններ է ստեղծում Արցախի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար»,- ավելացրել է Վալադոնը։
Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Սևակ Թաթեոսյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին այս կարևոր հարցում աջակցություն ցուցաբերելու համար:
Նշենք, որ Կոնգրեսական Վալադաոն Ներկայացուցիչների պալատում ակտիվորեն ջանքեր է գործադրել, որպեսզի 2018 թվականին արտաքին օգնության օրինագծում առաջնահերթություն տրվի HALO Trust-ին տրամադրվող աջակցության ապահովմանը։
HALO Trust-ը ոչ կառավարական կազմակերպություն է, որը, 2006 թվականից ի վեր, հազարավոր պայթուցիկ սարքեր է ոչնչացրել, ինչի շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել: Այդ աշխատանքը նպաստել է տարածաշրջանային կայունությանը և տևական ու ժողովրդավարական խաղաղության հեռանկարին: