05/08/2017 11:43
Հայկական ավանդական հարսանիք՝ «Զվարթնոցի» տարածքում
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում oգոստոսի 10-ին հարսանեկան արարողություն է նախատեսված:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Տերյան» մշակութային կենտրոնի նախաձեռնած յուրօրինակ միջոցառումը հայկական հարսանիքի բեմականացում է` իր բոլոր ավանդույթներով:
ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հայկական տարազներով հարս ու փեսան, հարսնաքույրը, մակարապետն ու քավորը կներկայացնեն ավանդական հայկական հարսանիքի ինչ-որ տեղ նաև մոռացված տարրերը:
Արգելոց-թանգարանի տարածքը կզարդարվի հայկական մոտիվներով` գորգեր, կճուճներ, կհնչի հայկական ավանդական երգ, երաժշտություն`զուռնա-դհոլով:
Միջոցառմանը իրենց կատարումներով հանդես կգան «Կարին»-ը (գեղ. ղեկավար` Գագիկ Գինոսյան), «Ոստան» ավանդական երգ ու պարի անսամբլը (գեղ. ղեկավար` Գ. Աբելյան-Բադալյան), Ռ. Հարոյանի անվան «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթը (համաղեկավարներ` Լ. Մկրտչյան և Հ. Անանյան):
Միջոցառման բեմադրող ռեժիսորն է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Մանուկյանը: