07/08/2017 14:32
Հայ հասարակությունը հույսեր է կապում Կարեն Կարապետյանի կառավարության հետ
Հայաստանում մինչև տարվա վերջ սպասվում է 2,5-3,4% տնտեսական աճ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժողովրդի ձայն» հասարակական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը։
«Այդ թվերը կանխատեսում են բոլոր հեղինակավոր փորձագետները: Մենք կարծում ենք, որ նման ակնկալիքներ չէին կարող լինել առանց ՀՀ կառավարության՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում աշխատանքի»,- նշեց նա։
Բանախոսի խոսքով՝ ՀՀ կառավարությունը վերջին 6 ամիսների ընթացքում կարողացել է գրանցել մի շարք հաջողություններ ԵԱՏՄ-ի շրջանակներում։
«Հայաստանի արտահանումը վերջին 6 ամիսների ընթացքում կազմել է 21%, մասնավորապես, պատրաստի ապրանքների, ինչը նշանակում է, որ երկրում նոր աշխատատեղեր են ստեղծվում: Շրջանառությունը 2017 առաջին կիսամյակում կազմել է 12,8%, ինչը բավականին խոստումնալից թիվ է կազմում»,- ընդգծեց Ա. Ղուկասյանը։
Նա շեշտեց, որ կառավարության այսպիսի աշխատանքի արդյունքում Հայաստանը կարող է 2018 թ.-ին ունենալ բնակչության աճ և արտագաղթի նվազում։
Ակումբի մեկ այլ փորձագետ Ծովինար Կոստանյանն էլ ներկայացրեց երևանաբնակների շրջանում վերջերս անցկացված սոցհարցման արդյունքները, որոնք վկայում են, որ հարցվածների 72%-ը չի պատրաստվում բնակություն հաստատել արտերկրում, 19%-ը դժվարացել է պատասխանել այդ հարցին, իսկ 9% -ը հստակ պատասխանել է, որ պատրաստ է հեռանալ Հայաստանից:
«Հաջորդ հարցմմանը՝ արդյոք մոտ ժամանակներս ակնկալու՞մ են Հայաստանում բարեփոխումներ սոցիալ-տնտեսական ոլորտում, 79%-ը դրական պատասխան է տվել, 15%-ը դժվարացել է հարցին պատասխանել, 6%-ն էլ ասել է, որ որևէ բարեփոխում չի ակնկալում»,-նշեց Ծ. Կոստանյանը։
«Որպեսզի պարզենք, թե հարցմանը մասնակցող ՀՀ քաղաքացիները ի՞նչ գործընթացների հետ են կապում հնարավոր բարեփոխումների իրականացումը, այդ հարցը ևս ներառեցինք հարցաշարի մեջ: Արդյունքում պարզվեց, որ հարցվողների գերակշիռ մասը՝ 62%-ը հույսեր է կապում Կարեն Կարապետյանի կառավարության և 78%-ը՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ: Իսկ ահա հարցվողների 26%-ն այդ բարեփոխումների իրականացումը տեսնում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման մեջ»,- ընդգծեց Ծովինար Կոստանյանը։