10/08/2017 12:36
Հայաստանը և Չինաստանը նախաստորագրել են օդային հաղորդակցությունների մասին նոր համաձայնագիր
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ոլորտում վարվող քաղաքականությունը միտված է ընդլայնելու համագործակցությունը նաև արևելյան գործընկերների հետ և հաստատելու ուղիղ օդային հաղորդակցություններ այս ուղղություններով, տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի մամուլի ծառայությունը:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի հրավերով օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչակազմի պետի տեղակալ Վանգ Ճիցինգի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը՝ մասնակցելու երկօրյա բանակցությունների:
Այցի շրջանակներում նախաստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը և ստորագրվել է երկու պետությունների ավիացիոն իշխանությունների միջև փոխըմբռնման հուշագիրը:
Համաձայնագրով կարգավորվում են երկու պետությունների հարաբերությունները թռիչքային, ավիացիոն անվտանգության ապահովման, լիցենզիաների և վկայականների փոխճանաչման և մի շարք այլ ոլորտներում, ինչպես նաև՝ ամրագրվում են երկու պետությունների ավիաընկերություններին թույլտվությունների տրամադրման սկզբունքները:
Բանակցությունների արդյունքում երկու պետությունների ավիացիոն իշխանությունները եկել են համաձայնության երկու պետությունների ավիաընկերություններին փոխադարձաբար տրամադրել օդի 5-րդ ազատության իրավունքով երթուղիների շահագործման իրավունք:
Հայկական պատվիրակությունը, ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանի գլխավորությամբ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչակազմի պետի տեղակալ Վանգ Ճիցինգից ստացել է հրավեր՝ մեկնելու Չինաստան՝ չինական ավիաընկերությունների ներկայացուցիչների հետ տեղում քննարկելու դեպի ՀՀ չվերթների իրականացման համար գործնական քայլերը: