10/08/2017 10:17
Արցախում հիմնվել է ձեռագործ աշխատանքների սոցիալական բիզնես և վերնիսաժ. Լուսանկարներ
«Արցախյան արվեստի ֆորում» հիմնադրամը ձեզ է ներկայացնում նոր սոցիալական բիզնես՝ ստեփանակերտյան առաջին վերնիսաժը, որտեղ կարելի է գտնել արցախցի վարպետների կողմից կավով, փայտով, թելով պատրաստված կիրառական իրեր և գեղեցիկ հուշանվերներ, տեղեկացնում է Արցախի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը։
Վերնիսաժը գործում է հուլիսի 1-ից՝ նպատակ ունենալով Արցախում տարածել կիրառական արվեստի նշյալ ճյուղերը, նոր աշխատատեղեր ստեղծել Ստեփանակերտում և շրջաններում, ինչպես նաև ստեղծագործությունների ցուցադրությունների և վաճառքի միջոցով ներկայացնել արցախյան արվեստը:
«Հիմնադրամն այդ ամենը կազմակերպում է առանց շահույթ հետապնդելու՝ պարզապես ինքնադրսևորման և վաճառքի հարթակ տրամադրելով արցախցի վարպետներին՝ կարիքի դեպքում ապահովելով նաև վերապատրաստման հնարավորություններ: Ուստի, հրավիրում ենք բոլորին այցելել վերնիսաժ, ծանոթանալ մեր գործերին և աջակցել Արցախում այս կարևոր սոցիալական բիզնեսի կայացմանը», - նշել է Արտակ Բեգլարյանը։
Ուշագրավ է, որ, բացի հմուտ վարպետների աշխատանքների վաճառքից, մենք շաբաթական պարբերականությամբ կազմակերպում ենք նաև կավագործության և ձեռագործի բաց դասեր բոլոր ցանկացողների համար՝ տեղացիներից մինչև զբոսաշրջիկներ: