10/08/2017 13:57
Ադրբեջանի ՊՆ-ն որոշել է հաշվեհարդար տեսնել սահմանամերձ շրջանի ապստամբ բնակիչների նկատմամբ
Հայաստանի և Արցախի հետ սահմանամերձ ադրբեջանական գյուղերի բնակիչների և Ադրբեջանի զինված ուժերի միջև կոնֆլիկտը նոր թափ է հավաքում:
Voskanapat.info-ին հայտնի է դարձել, որ ադրբեջանական գյուղերի որոշ բնակիչներ Ադրբեջանի զինված ուժերի՝ իրենց տների հարակից տարածքում կրակակետեր տեղադրելու որոշման պատճառով, շտապել են լքել բնակավայրերը: Սկզբում գյուղացիները փորձել են համոզել հետ կանգնել նման մտադրությունից՝ պնդելով, որ չեն ուզում զոհեր դառնալ՝ հայկական կողմի հավանական կրակի հետևանքով, մինչդեռ ադրբեջանցի զինծառայողները ուժով հետ են մղել գյուղացիներին և տեղադրել ռազմական տեխնիկան:
Այսօր Voskanapat.info-ի ձեռքի տակ է հայտնվել Ադրբեջանի ՊՆ բարոյական և հոգեբանական վերապատրաստման և հասարակայնության հետ կապերի ղեկավար, գեներալ մայոր Ռասիմ Ալիեվի նամակը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին:
Նամակում գեներալը պատմում է, որ Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի Ալխանլի գյուղում բնակչության և զինվորների միջև պարբերաբար բախումներ են տեղի ունենում և առաջարկում քայլեր ձեռնարկել:
Ներկայացնում ենք նամակի թարգմանությունը՝
«Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովին,
Պարոն նախարար,
Այն բանից հետո, երբ հուլիսի 4-ին Ադրբեջանի հանրապետության Ֆիզուլի շրջանի Ալխանլի գյուղում մահացավ Զախրա Էլնուրովնա Գուլիեվան (ծնված 2005 թ.) և Սախիբա Իդրիսովնա Գուլիեվան (ծնված 1967 թ.) գյուղի հարակից շրջանում տեղակայված հրետանային կազմի և քաղաքացիական բնակչության միջև անընդհատ բախումներ են տեղի ունենում, ինչը խանգարում է կյանքի կոչել հրետանային հաշվարկի ռազմական խնդիրները և կարող է հանգեցնել ավելի լուրջ միջադեպերի:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկում ենք.
1. Ալխանլի գյուղում կտրուկ նվազեցնել քաղաքացիների և զինծառայողների շփումը
2. Համապատասխան մարմիններին Ալխանլի գյուղի բնակիչների հետ տանել բացատրական աշխատանքեր
3. Ինչպես նաև փոխել Ալխանլիում տեղակայված հրետանային հաշվարկի կազմը:
Ադրբեջանի ՊՆ բարոյական և հոգեբանական վերապատրաստման և հասարակայնության հետ կապերի ղեկավար, գեներալ մայոր Ռասիմ Ալիև»: