10/08/2017 13:11
Համանախագահների թիվ մեկ խնդիրն է հասնել նրան, որ ռազմական լարվածության աստիճանը նվազի. Քոչարյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններում այսօր մեկ խնդիր ունեն՝ կանխել ռազմական հնարավոր զարգացումները, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Նրանց թիվ մեկ խնդիրն այն է, որ հասնեն նրան, որ ռազմական լարվածության աստիճանը նվազի», -հավելեց Քոչարյանը՝ ընդգծելով, որ համանախագահները կենտրոնացած են հենց այս հարցի վրա:
Արտաքին գերատեսչության ներկայացուցչի խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մյուս առաքելությունը՝ նպաստել, որ կողմերը գան ինչ-որ համաձայնության, չի իրականացվում:
«Նրանք շատ լավ հասկանում են, որ այս հարցում խոսել որևէ առաջընթացի մասին անհնարին է և դրա պատճառը Ադրբեջանն է իր քաղաքականությամբ», -հավելեց պաշտոնյան:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի երկրորդ կեսին Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Նյու Յորքում։