10/08/2017 13:26
Ում հետ ձեռնտու է, պետք է հարաբերվենք տնտեսական առումով. ՀՀ փոխարտգործնախարար
Բոլորին է ակնհայտ՝ երբ Ռուսաստանի տնտեսությունում տեղի են ունենում բացասական երևույթներ, ապա դա անդրադառնում է բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի վրա, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե չե՞ն անդրադառնա արդյոք Ռուսաստանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցները նաև Հայաստանի վրա:
«Դրա դասական օրինակն այն է՝ երբ Ռուսաստանում եղավ ճգնաժամ, դա անդրադարձավ թե՛ ԵԱՏՄ անդամ Հայաստանի վրա, թե՛ ոչ անդամ Ադրբեջանի վրա, թե՛ դեպի Եվրամիություն գնացող Վրաստանի վրա: Այդ տեսակետից բոլորի համար ակնհայտ է, որ այն պետությունները, որոնք տարբեր ձևերով կախված են, կապված են Ռուսաստանի հետ, լինի դա աշխատուժ, տրանսֆերներ, բնական է, ազդում է», - ասաց Քոչարյանը:
Հարցին, թե հնարավոր չէ՞ չեզոքացնել ռիսկերը, Քոչարյանը պատասխանեց, որ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կիրառած պատժամիջոցների նկատմամբ Հայաստանը ազդեցություն ունենալ չի կարող։
«Մեր ընդհանուր տնտեսական քաղաքականությունը հետևյալն է՝ եղած տնտեսական կապերը խորացնել և ստեղծել նոր տնտեսական կապեր, նոր հարաբերություններ: Իսկ դրա համար արդեն կան թիրախավորված տարբեր երկրներ: Բոլորի, ում հետ ձեռնտու է, պետք է հարաբերվենք տնտեսական առումով», - եզրափակեց Քոչարյանը։