14/08/2017 17:07
ԵԱՏՄ-ի թվային զարգացման ռազմավարությունը, հնարավոր է, համաձայնեցվի մինչև տարեվերջ. Տիգրան Սարգսյան
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները մտադիր են մինչև այս տարվա վերջ համաձայնեցնել միավորման թվային զարգացման ռազմավարությունը, այսօր հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Աստանայում կայացած նիստի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում:
«Ներկայիս օրակարգի թիվ մեկ թեման, ինչպես նշեցին կառավարությունների ղեկավարները, թվային տրանսֆորմացիան է: Մենք պայմանավորվեցինք, որ անհրաժեշտ է վարել համաձայնեցված թվային քաղաքականություն, հատկապես տնտեսական գործունեության այն ոլորտներում, որոնց գծով լիազորությունները հանձնված են ազգային մարմնին»,- նշել է Սարգսյանը:
Ըստ նրա՝ ԵԱՏՄ երկրները մշակում են ռազմավարություն, որը ներառում է հետևյալ ուղղությունները՝ ընդհանուր շուկաների թվայնացում, ենթակառուցվածքի, կառավարման համակարգերի և անվտանգության հարցերի հետ կապված թվայնացում:
«Այդ նախաձեռնությունների ցանկը մենք ներկայացրել ենք մեր գործընկերների քննարկմանը` շուրջ 10 նախագիծ, և առաջարկություն ու դիտողություններ ենք սպասում նրանցից»,- պարզաբանել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:
Նա նշել է, որ դրանից հետո թվային զարգացման ռազմավարությունը ներկայացվելու է աշխատանքային խմբի հաստատմանը, որն ստեղծվել է ԵԱՏՄ-ի երկրների նախագահների հանձնարարությամբ:
«Մենք պետք է հասցնենք միջկառավարական խորհրդի հերթական նիստում ներկայացնել կողմերի դիտողությունների հաշվառմամբ լրամշակված նախագիծը, որպեսզի արդեն տարեվերջին կարողանանք փաստաթուղթը ներկայացնել պետությունների ղեկավարների քննարկմանը»,- ընդգծել է Սարգսյանը: