14/08/2017 19:05
Չգիտեմ՝ կիրականանա՞, թե՞ ոչ. Նազիկ Ավդալյանի արձակուրդային երազանքը
Ամռան ավարտին ուղիղ 15 օր է մնացել, որից հետո աշխատանքային ծանրաբեռնված առօրյան կշարունակի իր բնականոն ընթացքը: Շատերն արդեն հասցրել են իրենց հանգիստը վայելել ծովափնյա երկրներում, մեգապոլիսներում կամ Հայաստանի գողտրիկ վայրերում:
Հայաստանից կանանց ծանրամարտի աշխարհի դեռևս միակ չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն գյումրեցի Նազիկ Ավդալյանն այս տարվա ամառային իր հանգիստն անցկացնում է Հայաստանում:
«Այս տարի չէի կենտրոնացել հանգիստս երկրից դուրս կազմակերպելու վրա: Ընտանիքիս հետ արդեն 3 անգամ իմ շատ սիրելի Սևան ենք մեկնել, բայց միայն մեկ օրով: Այս ամենի պատճառն այն է, որ 2017-ի ամառս առավել աշխատանքային է: Եթե ժամանակս ների, գուցե դեռ հասցնենք երկրից դուրս հանգստանալ»,- Aysor.am-ի հետ զրույցում նշեց նա:
Մեր զրուցակիցը բնության ու ջրի սիրահար է, ամուսնու համար էլ կարևորը լավ միջավայրն է: Նկատում է՝ որքան նման, այնքան տարբեր են միմյանցից, բայց դա չի խանգարում ընդհանուր հետաքրքրություններ գտնել ու արձակուրդը վայելել:
Ծանրորդուհին փակագծերը շատ չբացեց, բայց ընդգծեց, որ հնարավոր է, շուտով նոր աշխատանքի անցնի, որն այնքան էլ սպորտային ոլորտում չէ:
«Սա և՛ ոլորտի փոփոխություն է, և,՛ որոշ չափով, սպորտի հետ է կապված, բայց շատ բան ասել չեմ կարող: Եթե ամեն ինչ իմ պլանավորած հունով գնա, սեպտեմբեր ամսից կանցնեմ աշխատանքի, ու բոլորն այդ մասին կիմանան: Ես չեմ սիրում իրադարձություններից առաջ ընկնել»,- տեղեկացրեց չեմպիոնուհին:
Ն. Ավդալյանի և ամուսնու արձակուրդային ուղևորություններին միշտ ու պարտադիր ներկա է եղել նրանց որդին՝ Վաչեն: Սպորտսմենուհի մայրիկը խոստովանում է՝ մայր ու որդի շատ են կապված, առանց իրար իրենց հանգիստը չեն պատկերացնում.
«Քանի որ փոքրիկս շատ է սիրում ինձ հետ ժամանակ անցկացնել, Սևանն է շատ սիրում, ապա իմ կողմից դավաճանություն կլիներ առանց նրա մեկնելը: Մենք միշտ միասին ենք»:
Աշխարհի չեմպիոնուհին երազանք ունի՝ Ամանորն ընտանիքի հետ անցկացնել հեքիաթային Նյու Յորքում.
«Կդժվարանամ բառերով նկարագրել, թե Նյու Յորքն ինչ զգացողություններ է իմ մեջ առաջացնում: Դա մի ուրիշ քաղաք է: Իմ ամենամեծ ցանկությունն է այնտեղ Նոր տարի նշելը, չգիտեմ՝ երբևէ կիրականանա՞, թե՞ ոչ: Բայց, դե ասում են չէ՞, եթե մի բանի շատ ես ձգտում` լինում է»:
Նազիկ Ավդալյանի և Էրիկ Կարապետյանի որդին նոյեմբերին 4 տարեկան կդառնա: Հարցին՝ չե՞ն պատրաստվում արդյոք ընտանիքը համալրել ևս մեկ բալիկով, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Առաջիկա 1-2 տարիներին նման նպատակ չունենք: Հետագայում էլ կլինի այնպես, ինչպես Աստված կկամենա»: