14/08/2017 13:17
Ցուցահանդեսի բացում Կարապի լճի մեջ
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ԱՐՏ PR ընկերությունն օգոստոսի 15-ին, ժամը 19։00-ին սիրով հրավիրում են Երևանի Կարապի լիճ, որտեղ տեղի է ունենալու քանդակագործ Աշոտ Հարությունյանի ցուցահանդեսի բացումը:
Իր ձևի մեջ Հայաստանում աննախադեպ ու յուրօրինակ այս ցուցահանդեսը Կարապի լճում կգործի մինչև սեպտեմբերի 30-ը։
«Կարապի լիճը մեր խտացված հիշողությունն է: Այն երևանցու մտորումների, երազների և քաղաքի կենսունակության հայելին է: Բազմաթիվ սերունդներ իրենց պտույտն են արել լճի շուրջ՝ միանալով կյանքի հավերժական պտույտին: Բազմաթիվ դերակատարումներ ստանձնած Կարապի լիճն այսօր ներկայանում է որպես քանդակային ցուցասրահ: Անդադար փոփոխվող ջրի հայելու մակերեսն այն հարթակն է, որտեղ ներկայացված են արվեստագետ Աշոտ Հարությունյանի մետաղական քանդակները: Վերացական մտածողությամբ օժտված և Հայաստանում իր տեսակի մեջ անկրկնելի արվեստագետը, որպես նյութ օգտագործելով հետխորհրդային արդյունաբերական ջարդոնն ու այժմյան մետաղական արտադրանքը, այն վերածում է իր հուշերն ու գեղագիտությունը մարմնավորող հնչեղ ձևագոյացումների», - իր խոսքում նշել է արվեստաբան Արա Հայթայանիը, ով ԱՐՏ PR ընկերության կողմից հրավիրել է ցուցահանդես-նախագծին՝ այն համադրելու համար: