15/08/2017 15:52
«Ռեինկարնացիան» բարեգործական համերգի ընթացքում գոյացած հասույթը տրամադրելու է Հայաստանի երաժշտական դպրոցներին
Աշնանը Լոս Անջելեսում տեղի կունենա «Ռեինկարնացիա» խմբի առաջին մենահամերգը, որը բարեգործական բնույթ է կրելու: Համերգի ընթացքում հավաքված հասույթն ամբողջովին տրամադրվելու է Հայաստանում գործող երաժշտական դպրոցներին: Ի դեպ, այդ հասույթը գոյանալու է ոչ թե տոմսերի վաճառքից, այլ բարի կամքի դրսևորմամբ: Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեց վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող դերասան Վահագն Ստեփանյանը՝ Դելոն, ում ՝ «Sector 10 enterteinment» փրոդաքշնն էլ հենց կազմակերպել է այս համերգը:
«Համերգը բացօթյա է լինելու, «Գրիֆֆիտ» պարկում: Սա բացառիկ է, այստեղ նման ֆորմատի համերգ դեռևս չի եղել: Համերգի համար տոմսեր չեն վաճառվելու, բայց, կարծում եմ, որ շատ մարդ կգա այն վայելելու, քանի որ «Ռեինկարնացիային» բոլորն էլ սիրում են: Համոզված եմ՝ ամբողջ այգին հայերով կլցվի», - նշեց Վահագն Ստեփանյանը:
Նկատառմանը՝ եթե տոմս չի վաճառվելու, ապա որտեղի՞ց է գոյանալու բարեգործության համար անհրաժեշտ գումարը, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Այգում կվաճառվեն տարատեսակ ապրանքներ, կլինեն նվիրաբերություններ, որի միջոցով մարդիկ իրենց ներդրումը կունենան: Այնպես որ հաճելին ու օգտակարը կմեկտեղվեն: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մարդիկ գան ու հաճույք ստանան իրենց անցկացրած օրից, մեկտեղ՝ աջակցեն մեր երկրի երաժշտության զարգացմանը»:
Բարեգործական համերգի մտահղացումը խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանինն է: Վերջերս ստեղծված «Ռեինկարնացիա բարեգործական հիմնադրամը» Հայաստանի տարբեր մարզեր է մեկնում, տեղում ծանոթանում երաժշտական դպրոցների խնդիրներին ու փորձում լուծել դրանք:
«Ռոլանդը մեզ ասաց, որ Լոսում ուզում է մեծ համերգ կազմակերպել, մենք էլ սիրով ընդունեցինք իր գաղափարն ու ստանձնեցինք կազմակերպչական աշխատանքները: Հանդիպեցինք նաև այստեղի մեր լավ ընկերոջը՝ Սարգիս Ավետիսյանին, ով էլ դարձավ գաղափարի հովանավորը: Ի դեպ, սա առաջին մեծ համերգն է՝ նվիրված այդ բարի գործին», - մանրամասնեց նա:
Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին, «Ռեինկարնացիան» բեմում կլինի շուրջ երկու ժամ անընդմեջ: Aysor.am-ի հետ զրույցի վերջում Վահագն Ստեփանյանը վստահեցրեց՝ սա բացառիկ համերգ է, ներկաները երբեք այն չեն մոռանա: