16/08/2017 13:48
Իրենք էլ հայերի պես սիրում են ձայնային ազդանշաններ. Էրիկ Անթառանյանը՝ հունական հանգստի ու հետաքրքիր միջադեպերի մասին
Հաղորդավար Էրիկ Անթառանյանն ամառային իր հանգիստն այս օրերին վայելում է Հունաստանում՝ կնոջ և երկու որդիների հետ: Aysor.am-ի հետ զրույցում հաղորդավարը նշեց՝ մեկնել են երկու շաբաթով՝ կարևորելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր մարդ պարտավոր է տարեկան գոնե մեկ անգամ ծովափնյա առողջարար հանգիստ ունենալ:
«Քանի որ այնպես էր ստացվել, որ մի քանի տարի Ֆրանսիայում էինք հանգստացել, որոշեցինք այս տարի փոփոխություն անել ու Հունաստան մեկնել: Այստեղ էլ ժամանցի սղություն չկա. ծովափին մանկական խաղահրապարակներ կան, նաև ավազի վրա տղաներիս հետ ամրոցներ ենք պատրաստում: Քանի որ երեխաների հետ ենք, մեծերի ժամանցը մի կողմ ենք թողել, այդ ուղղությամբ մտածելու ժամանակ չկա», - ժպիտով նշեց է. Անթառանյանը:
Ըստ վիճակագրության, հատկապես վերջին տարիներին հայերը նախընտրում են իրենց հանգիստը կազմակերպել Հայաստանից դուրս: Հարցին՝ ըստ իրեն՝ պայմաննե՞րը, բնակչության կենսամակարդա՞կն է բարելավվել, թե՞ հետաքրքրություններն են փոխվել, մեր զրուցակիցը նկատեց.
«Ինքս շատ եմ սիրում Հայաստանում հանգստանալ: Մինչև այստեղ գալն Արցախ էինք մեկնել, Բելգիայից էլ մորաքրոջս տղան էր եկել, միացավ մեզ: Հաճախ եմ լինում նաև Գյումրիում: Ընդհանրապես, յուրաքանչյուր շաբաթ և կիրակի Հայաստանի որևէ գողտրիկ վայրում ենք լինում… Ինչ վերաբերում է դրսի հանգստին, եթե մարդը սիրում է ծովային հանգիստ, ապա, ամեն դեպքում, Հայաստանում դա չի կարող գտնել: Իսկ հանգստանալ Վրաստանում, Հունաստանում թե ծովային մեկ այլ երկրում, դա արդեն անհատական ընտրության հարց է՝ կախված հնարավորություններից ու տվյալ հանգստից ունեցած ակնկալիքներից»:
Հաղորդավարն ընդգծեց՝ ոչ մի պարագայում Թուրքիայում չի հանգստանա, քանի որ տրանզիտով թռիչքների դեպքում նույնիսկ մեկ-երկու ժամ այդ երկրում գտնվելիս տհաճություն է զգում:
Բացի հիմնական անհրաժեշտ իրերից այս անգամ Էրիկն իր հետ նաև մի քանի գիրք է վերցրել՝ ազատ ժամանակն ընթերցանությամբ լրացնելու համար:
Նկատել է՝ հույներն ու հայերը միմյանց բավական նմանություն ունեն:
«Մենք ավտոմեքենա էինք վարձել, որով Սալոնիկից եկանք Խալկիդիկի: Երթևեկության ընթացքում պարզեցի, որ իրենք էլ հայերի պես սիրում են ձայնային ազդանշաններ, շատ հաճախ մայրուղիներում առանց թարթիչը միացնելու, հանկարծակի կարող են հայտնվել քո գծում, անգամ բարկացած ձեռքը դուրս հանել պատուհանից ու երկար նախադասություններ ասել», - ժպիտով պատմեց նա:
Հունական հանգստից հետո Էրիկ Անթառանյանը վերականգնված ուժերով կանցնի աշխատանքի՝ Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանում նորովի ներկայանալով:
«Նոր եթերաշրջանում որպես հաղորդավար այլևս չենք հանդիպի «Առավոտ լուսո» ծրագրի շրջանակներում: Չնայած, այդ թիմին շատ եմ սիրում և առիթի դեպքում անընդհատ բարձրանում եմ իրենց տաղավար: Սեպտեմբեր կամ հոկտեմբերի ամսից կներկայանամ նոր նախագծում, որի մասին փակագծերը բացել դեռևս չեմ կարող», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Էրիկ Անթառանյանը: