16/08/2017 16:18
Հաղարծինի վանքի պատին ցուցադրվում են մարդասիրություն, հավատ, հույս, սեր քարոզող համաշխարհային ֆիլմեր
Աստղաթափ գիշեր, անտառապատ սարեր, ոսկեփայլ լուսին. Հաղարծնի վանքի պատին հաջորդաբար ցուցադրվում են աշխարհի այն ֆիլմերը, որոնք քարոզում են հոգևոր արժեքներ՝ մարդասիրություն, հավատ, հույս, սեր, խաղաղություն և հայրենասիրություն:
Հենց այսիպիսի խորհրդավոր միջավայրում գգոստոսի 11-ին և 12 –ին Հաղարծնի վանքի պատին «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգաին փառատոնը իրականացրեց բացօթյա ֆիլմի դիտումներ:
Արդեն երկրորդ տարին է՝ «Ֆրեսկոն» հյուրընկալվում է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի «Հաղարծնի շաբաթ» հոգևոր-մշակութային փառատոնի կողմից: «Ֆրեսկո փառատոնին ընդառաջ» ծրագրի շրջանակներում ցուցադրվեցին նախորդ տարիների մրցանակակիր ֆիլմերը:
Այս միջազգային իրադարձության նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել սիրո, համերաշխության ու մարդասիրական բարձր արժեքների վերահաստատմանն ու ամրապնդմանը:
Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը «Ֆրեսկո»-ին բարի ընթացք մաղթելով՝ նշեց, որ հատկապես այսօր կարևոր է ժամանակակից արվեստի միջոցով հոգևոր և բարոյական արժեքների քարոզումը:
Փառատոնի կազմակերպիչներն էլ իրենց խոսքում նշեցին, որ փառատոնը, միանշանակ, պետք է անցկացվի մեր երկրի բոլոր այն վայրերում, որտեղ կան եկեղեցիներ և վանքեր, հնագույն որմնանկարներ, խաչքարեր, հայի հզոր հավատքի վկայություններ:
Հիշեցնենք, որ«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնն այս տարի կմեկնարկի օգոստոսի 25- ին՝ Կարապի լճի տարածքում և կշարունակվի մինչև սեպտեմբերի 3-ը:
Փառատոնի շրջանակներում տեղի կունենան ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր, ֆոտոցուցահանդեսներ, վարպետության դասեր և վրանային ճամբար: