17/08/2017 17:45
«Խոստումը» ֆիլմը այսօրվանից ցուցադրվելու է Ավստրիայի բոլոր կինոթատրոններում
Օգոստոսի 17-ից սկսած Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը ցուցադրվելու է Ավստրիայի խոշոր բոլոր կինոթատրոններում:
Մինչ այդ, օգոստոսի 16-ին, Վիեննայում տեղի է ունեցել ֆիլմի գերմաներեն թարգմանությամբ պրեմիերան, որը Ավստրիայի իշխող սոցիալ-դեմոկրատական կուսակցության հովանու ներքո և Ավստրիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպել էր Ավստրիայի Հայ դատի գրասենյակը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Միջոցառմանը ներկա են եղել Ավստրիայի գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, քաղաքական, հասարակական գործիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև ավստրիահայ համայնքային կառույցների ղեկավարներ:
Ողջույնի խոսքով հանդես է եկել Ավստրիայի դաշնային խորհրդարանի պատգամավոր Բերիվան Ասլանը, ով նշել է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հասարակությանը իրազեկելու, ցեղասպանության հետևանքները վերացնելու ուղղությամբ նմանատիպ ֆիլմերի և հասարակական հնչեղություն ունեցող նման միջոցառումների կարևորությունը:
Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Վիեննայի մարմնի ներկայացուցիչ Օլիվեր Շտաուբերն առանձնացրել է Ավստրիայում և եվրոպական մյուս երկրներում իր կուսակցության և քաղաքական մյուս ուժերի կողմից ձեռնարկվող ջանքերը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը օրակարգում պահելու ուղղությամբ` որպես համագործակցության օրինակ բերելով 2015թ. ապրիլին Ավստրիայի դաշնային խորհրդարանի կողմից ցեղասպանության փաստի և Ավստրիայի պատասխանատվության իր բաժինը միաձայն ճանաչելու հանգամանքը:
: