24/08/2017 18:58
Հայաստանը շարունակելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համատեղ ջանքերն` ուղղված ԼՂ համակարտության բացառապես խաղաղ կարգավորմանը. Նալբանդյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հրապարակած կետերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, ընդհանուր առմամբ, արտահայտում են Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների կողմից հիմնահարցի հանգուցալուծման վերաբերյալ ընդունված հինգ հայտնի հայտարարությունների դրույթները:
«Իր մեկնաբանության մեջ նա փորձել է հավատարիմ մնալ դրանց, սակայն թույլ է տվել որոշ անճշտություններ ու բացթողումներ: Բայց նորից եմ կրկնում, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման վերաբերյալ դիրքորոշումն արտահայտվում է ոչ թե առանձին մեկնաբանության, այլ համանախագահ երկրների համատեղ առաջարկությունների և հայտարությունների միջոցով, մասնավորապես, նախագահական մակարդակով ընդունված հինգ հայտարարություններում, որոնք բազմիցս վերահաստատվել են եռանախագահների կողմից, ինչպես օրինակ նախորդ տարվա դեկտեմբերին Համբուրգում համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարության մեջ: Սա է Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումը», - News.am-ին ասել է Է.Նալբանդյանը:
Նրա խոսքով՝ բացի հիմնահարցի կարգավորման վեց տարրերից, եռանախագահ երկրների նախագահների և արտգործնախարարների հայտարարությունները որպես հակամարտության կարգավորման հիմք հղում են կատարում նաև միջազգային իրավունքի երեք սկզբունքներին` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, ժողովուրդների իրավահավասարությանն ու ինքնորոշմանը, և տարածքային ամբողջականությանը:
«Հայաստանը բազմիցս է արտահայտել իր դիրքորոշումը համանախագահ երկրների այս հայտարարությունների վերաբերյալ։ Նույնը չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որը անտեսում է այդ հայտարարությունները` ձևացնելով թե դրանք ընդհանրապես գոյություն չունեն: Այսպիսով, Բաքուն բացահայտորեն դեմ է դուրս գալիս համանախագահ երկրների մոտեցումներին», - նշել է ՀՀ արտգործնախարարը:
Նա ասել է նաև, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը հիմնահարցի կարգավորման շուրջ մտացածին սցենարներ է հորինում, կարգավորման ինչ-ինչ տարրեր է մոգոնում և եռանախագահների շարունակական հայտարարությունները գալիս են կրկին վերահաստատելու, որ այդ մտավարժանքները իրականության հետ ոչ մի կապ չունեն:
«Իր այս վերջին մեկնաբանության մեջ Հոգլանդը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման տարրերի թվարկումը սկսում է կամարտահայտության միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումից, որն իրավական պարտադիր ուժ պետք է ունենա` ներառյալ Ադրբեջանի համար: Բաքվի համար սովորական երևույթ է դարձել հետ կանգնել նախկինում ձեռք բերված համաձայնություններից և դա վերաբերվում է ոչ միայն հիմնահարցի հանգուցալուծման գործընթացին, այլև վստահության ամրապնդման միջոցառումներին: Մասնավորապես, Համբուրգում եռանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը նաև ևս մեկ անգամ պահանջում էր իրականացնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունները: Ինչպես հայտնի է, Հայաստանն ու Արցախը բազմիցս արտահայտել են դրանք իրականացնելու պատրաստակամություն, մինչդեռ Ադրբեջանը` հրաժարվում է, հետ է կանգնում իր ստանձնած հանձնառություններից», - ասել է Է.Նալբանդյանը:
Նա ընդգծել է նաև, որ Հայաստանը հետևողականորեն շարունակելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերն` ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան համակարտության բացառապես խաղաղ կարգավորմանը։